Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի եւ օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Այս մասին նշվում է Ոստիկանության օրվա առթիվ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ուղերձում։
«Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը:
Ոստիկանությունը ժամանակի հրամայականին ընդառաջ մշտապես կատարելագործվել, նորացվել ու արդիականացվել է: Իսկ այսօր արդեն համընդգրկուն, արմատական բարեփոխումների փուլում է, որի նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, արհեստավարժ ու բարեվարք, տեխնիկապես հագեցած ոստիկանություն ունենալն է, և մենք պատվով ու հետևողականությամբ ենք անցնում այդ ճանապարհը։ Մենք նոր որակով ու պատրաստվածությանբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին։ Այդ սկզբունքով է զարգանալու նոր Ոստիկանությունը իր հենասյունային չորս ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Համայնքային ոստիկանություն և Ոստիկանության գվարդիա։
Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզնից յուրաքանչյուրին:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին, որոնք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:
Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին. հատկապես նրանց ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք հարկ եղած դեպքում նաև մարտական առաջադրանք են կատարում մեր երկրի սահմանին:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին:
Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»: