Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:
Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Ընկերության մասնակիցը, որն ընկերության կանոնադրական կապիտալում իր ավանդն ամբողջությամբ չի ներդրել, համապարտ պատասխանատվություն է կրում ընկերության պարտավորությունների համար` իր ավանդի չվճարված մասի արժեքի սահմաններում:
Տնտեսական ընկերակցությունն ընկերության վերակազմավորելիս յուրաքանչյուր լիակատար ընկեր, դառնալով ընկերության մասնակից, երկու տարվա ընթացքում իր ամբողջ գույքով սուբսիդիար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների համար: Նախկին ընկերոջ կողմից իրեն պատկանող բաժնեմասերի օտարումը նրան չի ազատում նման պատասխանատվությունից:
Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար, ինչպես և ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կամ համայնքների պարտավորությունների համար: