Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական և մեկը` տնտեսագիտական կրթություն:
Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերի: Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ:
Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:
Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է: