«Մեծ պատմական ակնարկ կատարվեց Ձեր կողմից, մանավանդ՝ որոշակի առումով՝ խեղաթյուրելով փաստերը, նաև՝ Արցախի բանակցային գործընթացի խեղաթյուրման ևս մեկ փորձ իրականացվեց։ Ձեր ուղերձի 6-րդ կետում նշված է՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, բանակցությունների արդյունքում՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում»,-այսօր կայացած ԱԺ նիստի ընթացքում հարց ուղղեց պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին։
Նա հետաքրքրվեց՝ Արցախի թեման Փաշինյանն ամբողջապես փակո՞ւմ է և ինչո՞ւ է հայկական պատմական արժեքների համար պայքարը վարչապետի համար վտանգ ներկայացնում։
Փաշինյանը պատասխանեց, որ իր խոսքում ինքն անդրադառնում է կոնկրետ փաստերի․ «Մենք ապացույցներ ունենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մի շրջանակ, այնտեղ բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է, որ եթե մենք այս ճանապարհով գնանք, լինելու է սա, սա և չի արձագանքել՝ ո՞րն է իրենց պլանը։ Ասում էին՝ այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք․ դուք էլ գիտեիք դա և ձեր քաղաքական թիմով չէիք թաքցնում ձեր ոգևորությունն այդ հնարավոր փոփոխությունների առիթով»։
Նա նշեց նաև, որ լուծարման որոշում կայացվել է Արցախի իշխանությունների կողմից։ Օհանյանն արձագանքեց, որ եթե արցախյան ամբողջ պայքարի գործընթացը օրինակելի չհամարվեր, ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ստեղծվի և դրա հիմքում չէր դրվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նա հավելեց, որ Արցախի իշխանության կողմից նման որոշում կայացվել է ծանր պայմաններում․ «ՀՀ վերադառնալուց հետո նրանք այդ որոշումը բեկանել են, և մենք գտնում ենք, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից»։
Մանրամասները՝ տեսանյութում։