ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ցույց են տալիս ամուր հանձնառություն ՀՀ ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը. Բորել

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ելույթով է հանդես եկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Երկու ամիս առաջ Բրյուսելում մենք Հայաստանի հետ գործընկերության խորհրդի նիստ անցկացրինք: Պարզ էր, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղիով, դրանք ավելի ամուր են, քան երբևէ, և որ կա հարաբերություններն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրվածություն: Այսօր այստեղ հենց այդ նպատակով ենք:

Մեր ամերիկյան գործընկերների հետ այս գործընկերությունը տեղափոխում ենք հաջորդ մակարդակ, միավորելով ուժերը՝ ցույց տալու մեր ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը: Ցանկանում ենք միավորել մեր ուժերը՝ ամրապնդելու և առաջ մղելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Մեր Գործընկերության խորհրդի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերային օրակարգը հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի: Դրանք միայն խոսքեր չեն: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց Հայաստանի համար դիմակայունության բարելավման միջոցառումների էական փաթեթի մասին՝ ամրապնդելու այդ գործընկերության օրակարգը: Գիտենք, որ Հայաստանը շարունակում է աշխատել բարեփոխումների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ, և այդ ջանքերը մաս են կազմելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:

Դա բարձրացնելու է հայ հասարակության դիմակայունությունը: Տեսել ենք՝ ինչպես են Հայաստանին թիրախավորում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներով և միջամտություններով: Մեր հանձնառության մասն է աջակցությունն այդ տեղեկատվությանը դիմակայելուն և մարդկանց հասկացնելը՝ ո՛րն է գործելու ճիշտ ուղին, այդ թվում՝ մեդիագրագիտության բարձրացման միջոցով: Մենք հավատացած ենք, որ ինչքան ամուր և կայուն լինի Հայաստանը, այնքան ամուր և կայուն կլինի Հարավային Կովկասը: Մեր աշխատանքն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասել է Բորելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել