Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար փոխանցող և ստանձնող ընկերությունները կնքում են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիր, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթներ, որոնք խախտում կամ կարող են խախտել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո:
Մինչև պայմանագրի կնքումն այն պետք է հաստատվի փոխանցող և ստանձնող Ընկերությունների խորհուրդների կողմից: Եթե փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո կամ լուծարման գործընթացում, ապա փոխանցման պայմանագիրը ստորագրում է ադմինիստրացիայի ղեկավարը կամ լուծարային կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի նախագահը:
Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից պորտֆելի փոխանցման թույլտվություն տրամադրելու օրվանից:
Ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցումը պետք է իրականացվի ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից` 90 օրվա ընթացքում:
Ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցման գործընթացի ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող Ընկերությունների լիազորած անձանց ստորագրություններով վավերացված հանձնման-ընդունման ակտը ներկայացնում է Կենտրոնական բանկ:
Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ստանձնող Ընկերությունը դառնում է փոխանցված ապահովագրության պայմանագրերի կողմ՝ ապահովագրողի կարգավիճակով և կրում է ապահովագրողի օրենքով և պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: