Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, և իրավաբանական անձը դատարանի վճռով կարող են սնանկ ճանաչվել, եթե ի վիճակի չեն բավարարել պարտատերերի պահանջները: Քաղաքացուն և իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:
Իրականում քիչ չեն այն դեպքերը, երբ քաղաքացին կամ իրավաբանական անձը, սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, կանխամտածված ստեղծում են անվճարունակության հատկանիշներ կամ՝ անվճարունակության հատկանիշների չափի ավելացում: Նման դեպքում մենք գործ ունենք կանխամտածված սնանկության հետ, որը քրեորեն պատժելի արարք է համարվում:
ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: