Անգլիացի ծովահեն՝ «Էլիզաբեթ I-ի ծովահեններից», Անգլիայի փոխ-ծովակալ (1588թ.) Ֆրենսիս Դրեյք (անգլ.՝ Sir Francis Drake, 1540-1596թթ.), առաջին անգլիացին էր, որ 1577-1580թթ-ին իրականացրեց շուրջերկրա ճանապարհորդություն, որը աշխարհում շուրջերկրյա երկրորդ ճանապարհորդությունն էր Ֆերնան Մագելանից հետո։
Սըր Դրեյքը մասնակից է եղել անգլո-իսպանական գաղութային նվաճման գործում։ Ծովահենական հարձակումներ է գործել Իսպանիայի տիրույթների վրա Վեստ-Ինդիայում, անցել Պանամայի պարանոցը և թալանել իսպանական «Արծաթե քարավան»-ը (ավելի քան 30 տոննա արծաթ)։
1577 նոյեմբերի 17-ին Էլիզաբեթ I թագուհին Դրեյքին՝ 5 նավով, ուղարկում է Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան ափերը՝ նպատակ հետապնդելով կողոպտել իսպանական ոսկիները։ Դրեյքը չմտնելով Մագելանի նեղուց շրջանցում է Հրո Երկիրը և հասնում մինչև Սան-Ֆրանցիսկո: Դրեյքի միայնակ մնացած նավը կտրում է Խաղաղ օվկիանոսը և 1580 թվականի սեպտեմբերի 26-ին վերադառնում է Անգլիա (սա շուրջերկրյա ճանապարհորդություն էր), իր հետ բերելով 600 000 ֆունտ սթերլինգ թանկարժեք մետաղ։ Այս էքսպեդիցիայի համար Դրեյքին շնորհվում է ասպետի կոչում։ Իսկ 1588թ-ին, Դրեյքի և մի քանի այլ ադմիրալների ղեկավարությամբ, անգլիական նավերը ջախջախում են իսպանական նավատորմը՝ «Անպարտելի Արմադան»:
Սըր Դրեյքի այս մեծաչափ կողոպուտները լավ առիթ են հանդիսանում իսպանացի պաշտոնյաների համար՝ իրենց անօրինականությունները թաքցնելու համար: Իրականում Դրեյքի հանցավոր արարքները չափազանցված են մի քանի անգամ: Հենց իսպանացի պաշտոնյաներն օգտվելով հարմար առիթից` Դրեյքին են վերագրում նաև արքայական գանձարանից արված բոլոր գողությունները: