Հանցագործությունը բնութագրող հատկանիշներն են արարքի հասարակական վտանգավորությունը և քրեական հակաօրինականությունը: Որքան էլ վտանգավոր լինի կատարված կոնկրետ արարքը, այն չի կարող հանցագործություն համարվել, եթե նախատեսված չէ քրեական օրենսգրքով: Օրենսդիրը ինքն է սահմանում հանրորեն վտանգավոր արարքների, դրանց համար քրեական պատասխանատվության սահմանումը:
Քրեական օրենսգրքում տրվում է հանցագործություն համարվող յուրաքանչյուր հանրորեն վտանգավոր արարքի հասկացությունը: Հանրորեն վտանգավոր արարքի` քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցությունը կոչվում է հանցակազմ:
Որպեսզի հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին ենթարկենք քրեական պատասխանատվության, պետք է հավաստել, որ իր կատարած արարքում առկա է քրեական օրենքով նախատեսված արարքի (գործողություն կամ անգործություն) հատկանիշների ամբողջությունը` հանցակազմը: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ անձը կատարել է հանցանք:
Հանցակազմը հանրորեն վտանգավոր արարքի քրեական օրենքով սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ հատանիշների համակցություն է: Հանցակազմի տարրերն են հանցագործության օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը: Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, ուրեմն և հանցագործության բացակայության մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 35-րդ հոդվածում, որպես քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ներառված է նաև արարքում հանցակազմի բացակայությունը: