Մարդու իրավունքների գաղափարը հրատապ դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Մարդիկ ուզում էին ստանալ այն բանի երաշխիքը, որ այլևս երբեք անարդարացիորեն չեն ոտնահարվի որևէ մեկի կյանքի, ազատության, ապաստարանի, աշխատանքի և մյուս իրավունքները:
Մարդու իրավունքների պատմական զարգացումը վերլուծելիս դրանք դասակարգվում են 3 սերնդի (ալիքի).
Առաջինը մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն են, որոնք կոչվում են նաև մարդու «նեգատիվ» իրավունքներ: Դրանք առաջինն են ամրագրվել մարդու իրավունքների միջազգային եվրոպական փաստաթղթերում և արդի զարգացած ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում: Լիբերալ-ժողովրդավարական գաղափարների վրա կառուցված մարդու «նեգատիվ» իրավունքները հռչակում էին անձի ինքնավարությունը պետությունից և սահմանափակում պետական իշխանության միջամտության հնարավորությունները, չափերը և շրջանակները՝ մարդու քաղաքական և անձնական ոլորտի գործունեության մեջ:
Երկրորդ ալիքը կապված էր մարդու սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների ամրագրման հետ, որոնց ծագման հիմքում մեծապես ընկած էին սոցիալիստական մոտեցումներ: Այս խումբ իրավունքների կենսագործումը նաև սերտորեն կապված է սոցիալական պետության գաղափարի և նրա խնդիրների իրականացման հետ: Իրավունքների այս խումբն այսօր էլ զարգացած շատ երկրներում չեն հանդիսանում որպես սուբյեկտիվ իրավունքներ, որոնց պաշտպանության համար մարդը կարող է դիմել դատական ատյաններին, այլ դիտվում են իբրև չափանիշներ, որոնց պետք է հասնի պետությունը իր քաղաքականությունը իրագործելիս: Այդ մոտեցման արտացոլումն էր հենց եվրոպական կոնվենցիայում այդ խմբի իրավունքների բացակայությունը:
Երրորդ խումբը կոլեկտիվ կամ հանրության (ժողովրդի) իրավունքներն են, որոնք առաջ քաշեցին զարգացող, այսպես կոչված երրորդ աշխարհի երկրները, այդ թվում՝ զարգացման իրավունք, խաղաղության իրավունք, բնության պահպանության, առողջ կենսոլորտի իրավունք, ազգային պաշարների սեփականության իրավունք և այլն: Այդ իրավունքները տրվում են ոչ միայն անհատ մարդուն, այլև յուրաքանչյուր ժողովրդին, ողջ մարդկությանը:
Հատուկ նշենք, որ երրորդ ալիքի կոլեկտիվ կոչված այս իրավունքները վերջին տասնամյակում զարգացում ապրեցին՝ հատկապես տոտալիտար պետությունների կործանումից հետո, երբ զարգացող մի շարք երկրներ սահմանադրորեն ամրագրեցին այնպիսի նոր կոլեկտիվ (ժողովրդի) իրավունքներ, ինչպիսիք են քաղաքացիական անհնազանդության, բռնության դեմ դիմադրելու, անօրինական իշխանության դեմ ապստամբելու և այլ իրավունքները: