Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2024թ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը՝ ծնված 1981թ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Օշական բնակավայրի 24–ամյա բնակիչը, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։ 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի «Արծվի թևեր» կոչվող տարածքի՝ «Կարմիր հողեր» վայրում, 42–ամյա տղամարդու և նրա որդու հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, 24–ամյա երիտասարդը, հիշյալ տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ընթացքում երիտասարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող խողովակով մի քանի հարվածներ է հասցրել նաև 42–ամյա տղամարդու որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 24–ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել