Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից:
Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:
Անկախ տեղեկության ստացման ձևից` ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործողը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնվում է լիազոր մարմնին` կառավարության սահմանած կարգով:
Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ հանդիսացող օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման են տրամադրվում ընդերքի ոլորտի լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:
Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Ընդերքօգտագործումը վճարովի է, սակայն նախատեսված են օրենքով սահմանված կարգով բացառություններ:
Ընդերքօգտագործման վճար չեն վճարում այն ընդերքօգտագործողները, որոնք`
սեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձևից) սահմաններում, կատարում են ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում.
իրականացնում են ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ, հրաբխային, սեյսմաբանական և արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկում, այդ թվում` ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և այլն.
ստեղծում են միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուներ.
իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում: