Թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար տեղի է ունենում միայն առողջապահության դեղատնային կազմակերպություններում՝ նրանց գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում: Բժշկական և դեղագործական աշխատողների, ինչպես նաև այն հիմնարկների և կազմակերպությունների ցանկերը, որոնց վերապահված է քաղաքացիներին թմրամիջոցներ և հոգեմետ հոգեներգործուն նյութեր բաց թողնելու իրավունքը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ, հոգեներգործուն նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով:
Թմրամիջոցները և հոգեմետ, հոգեներգործուն նյութերը ֆիզիկական անձանց համար բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը որոշում է թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի ցուցակներում ներառված կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի նշանակման առավելագույն ժամկետները, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսով:
Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի նշանակման դեպքում բուժող բժիշկը պարտավոր է հիվանդի հետազոտման միջոցով պարզել հետագա նշանակման անհրաժեշտությունը և կատարել համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում:
Առողջապահության դեղատնային հիմնարկներին և կազմակերպություններին արգելվում է թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի բացթողումը՝ ավելի քան տասն օր առաջ դուրս գրված դեղատոմսով:
Թմրամիջոցները և հոգեմետ, հոգեներգործուն նյութերը դուրս են գրվում հատուկ ձևաթղթի դեղատոմսերով:
Նշված դեղատոմսերի ձևերը, դրանց գրանցման, հաշվառման և պահպանման կարգը, ինչպես նաև ձևակերպման կանոնները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի նշանակում պարունակող դեղատոմսերի՝ առանց համապատասխան բժշկական ցուցումների կամ ձևակերպման սահմանված կանոնների խախտումներով հանձնումն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: