«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովել քահանա Օհանյանի հետ զրուցել է Մեծ պահքի կիրակիների խորհրդի մասին։
-Մեծ պահքի շրջանում ամեն կիրակի ունի իր խորհուրդը, խնդրում եմ ներկայացնել դրանք։
-Մեծ պահքի շրջանը բաժանված է 7 կիրակիների և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակին ունի իր բնորոշ անվանումը և խորհուրդը։ Մեծի պահոց առաջին կիրակին կոչվում է՝ Բուն բարեկենդան։ Բարի կենդանության օրն է, ուրախության օրն է, երբ հիշատակում ենք մեր նախածնողների՝ Ադամի և Եվայի երանական, երջանիկ կյանքը դրախտային պարտեզում։ Ընդամենը պետք էր, որ մեր նախածնողները, նաև մենք, որպես իրենց ժառանգներ, կարողանանք պահել աստվածային պատկերն ու նմանությունը մեր կյանքից ներս։ Բուն բարեկենդանի հիմնական խորհուրդը սա էր։
Հաջորդ կիրակին կոչվում է՝ Արտաքսման կիրակի։ Դրախտի պարտեզում Աստավծ Ադամին և Եվային տվեց ամեն ինչ երջանիկ լինելու համար, բայց ասաց, որ բարի ու չարի պտղից չուտեն, որովհետև երբ որ ուտեն, կմահանան։ Ցավոք՝ մեր նախածնողներն ականջալուր չեղան Տիրոջ պատվերին։ Պահքը հենց սկսվում է դրախտից․ Աստված թույլ է տալիս ամեն ինչ բացառությամբ արգելված պտուղը։ Մենք էլ ասում ենք, որ արգելված պտուղը միշտ քաղցր է։ Դարեր շարունակ շեշտը միշտ դրվել է Եվայի կատարած սխալի վրա, առանց անդրադառնալու, որ, ախր, ամուսինն այնտեղ իր կողքը կանգնած էր, կարող էր արգելել, կարող էր կանխել այդ չարիքը, բայց ձայն չհանեց Ադամը։ Ադամն ու Եվան ցանկացան նմանվել Աստծուն, հպարտացան։ Մարդ արարածն առ այժմ իր անձնական կարիքներին հագուրդ տալու համար ձեռքը մեկնում է արգելված պտղին և արժանանում արտաքսման։
Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակ որդու կիրակի կամ Անառակի կիրակի։ Առակում Քրիստոս պատմում է հոր և երկու զավակների մասին։ Շատ հաճախ Աստվածաբանության մեջ և եկեղեցու հայրերից շատերը այս առակն անվանել են Ավետարան Ավետարանի մեջ, որովհետև Անառակ որդու առակը պատմում է մեր բոլորի պատմությունը։ Որովհետև յուրաքանչյուր մարդ իր կատարած հանցանքի, իր սայթաքումի, իր սխալի պատճառով դառնում կամ նմանվում է այդ անառակ որդուն։ Տղան ամեն ինչ ուներ երջանիկ լինելու համար, ուներ հարգանք, ուներ պատիվ, ի վերջո ուներ ժառանգություն, բայց չգնահատեց այդ ամենը։ Մոտեցավ հորն ու առանց ամոթի ասաց, որ իր ունեցվածքը հիմա է ուզում, կարծես հորն ասելով՝ հոգնել եմ քո մահվանը սպասելուց։ Գանց օտար երկիր և մսխեց իր ունեցվածքը կերուխումերի, պոռնիկների, հարբեցողության և տարբեր զազրագործությունների մեջ։ Կորցրեց ամեն ինչ՝ հարգանք, պատիվ, ընկերներ, շրջապաստ և հայտնվեց սովամահության դռանը։ Նա որոշեց գնալ ու խոզ պահել, որ խոզի կերակրով հագեցնի իր որովայնը։ Սա կորստի մասին է, բայց կա նաև գիտակցության խորհուրդը։ Ավետարանն ասում է, որ նա գիտակցության եկավ, հասկացավ իր արածի սխալը, ցավ ապրեց, ամոթ զգաց իր հորը վիրավորելու համար։
-Ինչպես մենք պետք է այսօր գիտակցության գանք։
-Մեծ պահքի ընթացքում պետք է գնանք մեր ներաշխարհը, ինչպես որ անառակ որդին արեց։ Գնաց իր ներաշխարհ, հասկացավ իր կատարածի ողջ ծանությունը և ասաց՝ այլևս վերջ։ Պետք է գնամ և ասեմ՝ ինձ ընդունիր ոչ թե որպես քո որդի, ընդունիր որպես քո ծառաներից մեկը, որովհետև քո ծառաներն ավելի լավ են ապրում, քան՝ ես։ Գիտակցումից հետո, հաջորդ քայլը վերադարձն է։ Երբ մարդը գիտակցում է իր մեղքը, չպետք է մնա տանը նստած, պետք է գա Աստծո մոտ, պետք է վերադառնա Տիրոջը։
-Ըստ Ձեզ՝ հիմա հայ ժողովուրդը շատ է հեռվացել Աստծուց։
-Պետք է ասեմ՝ այո, մենք իրապես պետք է դառնանք մեր մայր եկեղեցու գիրկը։ Ավետիք Իսահակյանը մի հրաշալի խոսք ունի, ասում է՝ եթե հայ մարդու մաշկը կերթես, Սուրբ Էջմիածինը դուրս կգա։ Այսինքն հայ ժողովուրդն ի ծնե իր ամբողջ գիտակցությամբ, հոգով ու սրտով կապված է մայր եկեղեցու հետ։
-Անառակ որդին գիտակցեց ու վերադարձավ, հիմա ժողովրդի գիտակցությունը բարձրացնելու համար ի՞նչ քայլեր են արվում։
-Եկեղեցին արել է այն, ինչը որ արել է դարեր շարունակ։ Ինչ արեց հայրը, երբ իր որդին անառակաբար լքեց։ Տվեց իր զավակին այն ինչ նա ուզում էր, վստահ լինելով, որ իր զավակը սխալ ճանապարհով է գնում, բայց տվեց այդ օրհնությունը նրան, տվեց այդ ազատությունը, չմերժեց։ Նա երբեք չդադարեց իր զավակին սիրելուց, ինչպես որ մեր եկեղեցին, որ սիրում է իր բոլոր զավակներին, թե՛ իր գիրկը եղողներին, թե՛ իրենից հեռացածներին, աղոթում և հույսով սպասում այդ զավակի վերադարձին։ Քարոզում տիրոջ խոսքն, ինչպես որ քարոզել է դարեր շարունակ։ Վերցրել է այս ազգի, այս ժողովրդի, այս մի բուռ հայրենիքի ամբողջ ցավը, ծանրությունը, խաչը իր ուսերին և դարեր շարունակ անտրտունջ կերպով, ինչպես որ սիրող ծնողն է անում, տանում է։ Տանում է և մինչև Քրիստոսի գալուսը հաղթանակած է լինելու։ Եկեղեցին միշտ ժողովրդի հետ է, ժողովրդի մեջ է և եկեղեցին է ժողովուրդը։
Հաջորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի։ Յուրաքանչյուր մարդ կոչված է տնտեսը լինելու իր իսկ կյանքի և այնուհետև այն ամենի, ինչը որ Աստված իրեն է տալիս։ Կիրակին կոչվում է նաև Անիրավ տնտեսի։ Պատմվում է, որ մի մեծահարուստ մարդ տնտես ուներ մի տնտես, ով տնօրինում էր իր ունեցվածքը։ Ունենալով ամեն ինչ, այս մարդն անիրավում էր, գողանում էր, մարդկանց թալանում էր ի վերջո, իր տիրոջ ունեցվածքն էր մսխում։ Տերը կանչում է նրան և ասում՝ տնտեսության հաշիվն ինձ տուր։ Տնտեսը հասկանալով, որ աշխատանքն այլևս պետք է կորցնի, որովհետև տերը բարկացած է իր վրա, մտածում է հետևյալ կերպ՝ կանչում է իր տիրոջ պարտապաններին և հարցնում է՝ ինչքա՞ն ցորեն ես վերցրել, 500 պա՞րկ, գրիր 200։ Մյուսին ասում է, որ 50 լիտր ձեթի պատքի փոխարեն գրի՝ 20։ Այս առակը դարեր շարունակ միշտ քաննադատության առիթ է տվել նաև, որովհետև շատ հաճախ մարդիկ ճիշտ չեն ընկալել այս առակի իմաստը։ Ինչո՞ւ, որովհետև տերն իմանալով տնտեսի արած այդ քայլը, փոխանակ ավելի բարկանալու՝ գովեց իրեն։ Որովհետև այդ տնտեսի տերն էլ այս աշխարհի մարդ էր, իր սրտին էլ հարազատ էր դա, անիրավելը, խաբելը, թալանելը։ Ասաց՝ այն մարդն է, որ պետք է ինձ։ Վերջում Քրիստոս ասում է, որ այս աշխարհի մարդիկ ավելի իմաստուն են ու հնարամիտ, քան լույսի որդիները և խուրհուրդ է տալիս բոլորիս, ասելով՝ անիրավ մամոնայից բարեկամներ ձեռք բերեք ձեզ համար։ Այսինքն, եթե աշխարհի մարդը կարողանում է օգտագործել ամեն տեսակ ճանապարհ, ինչու նույն հնարամտությամբ չապրեն Աստծո զավակները երկնքի արքայության մեջ գանձեր դիզելու համար։
5-րդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի։ Առակում պատմվում է, որ մի քաղաքում մի դատավոր կար ո՛չ Աստծուց էր վախենում, ո՛չ մարդկանցից էր ամաչում։ Անում էր այն, ինչ ուզում էր։ Ապրում էր այնպես, ինչպես ցանկանում էր։ Այդ քաղաքում կար նաև մի այրի կին, որի դատը այդ դատավորի սեղանին էր դրված։ Նա անտեսում էր այս խեղճ կնոջ իրավունքները։ Բայց այդ կինը երբևէ չհրաժարվեց իր դատից։ Ամեն օր գանց և այս դատավորի դուռը թակեց այնքան, մինչև դատավորն ասաց՝ այս կինը հոգիս հանեց, ավելի լավ է սրա դատը տեսնել, հանգստանամ։ Դատավորի կիրակին աղոթքի մասին է, աղոթքի խորհրդի մասին է։ Մեր աղոթքներում շատ հաճախ մենք հուսալքվում ենք, որովհետև մեր աղոթքի պատասխանը չենք ստանում անմիջապես։
-Անիրավ դատավորներ հիմա էլ կա՞ն։ Արդարադատություն իրականացնելիս հավատքն առ Աստված կարևոր է։
-Ես վստահ եմ, որ եթե կան վատ դատավորներ, նարնց կողքին կան նաև արժանիները, կան նաև մարդիկ, որոնք որ իրապես նվիրյալներն են իրենց ծառայության, իրենց գործի և չեն նմանվում առակում գտնվող անիրավ դատավորի կարգավիճակին, այլ իրենց դատը վարում են ճշմարտացիորեն, որովհետև աստվածավախ են, աստվածապաշտ են, որովհետև հավատում են տիրոջ խոսքին։
Հաջորդ կիրակին կոչվում է՝ Գալստյան կիրակի։ Խորհուրդը Քրիստոսի երկրորդ գալստյան մասին է։
Մեծ պահքի վերջին շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով, որը մեր Փրկիչ Հիսոս Քրիստոսի փառահեղ մուտքն էր երուսաղեմ։ Խորհրդանշում է Քրիստոսի կյանքի վերջին շաբաթը, որ ինքը ապրես Երուսաղեմում։
Հասմիկ Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում։