Եթե ռուս սահմանապահները որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, պետք է արվեն հետևություններ. Փաշինյան

Իշխանության տարբեր բարձրաստիճան  պաշտոնյաներ հայտարարում էին, որ տվյալ հատվածը համարվում է ռուսական պատասխանատվության գոտի։ Ի՞նչ է նշանակում որ Հայաստանի Հանրապետության որևէ X հատված համարվում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի։ Արմեն Գրիգորյանն էլ հայտարարում է, որ ռուսական կողմը չկարողացավ  կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում։ Հարց է ծագում, թե ռուսական զորախումբը ինչ մանդատով է այնտեղ կանգնած, իրավական ինչ պայմանագրի հիման վրա։ Այս մասին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

«Նույն Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների առաքելության մուտքը Ներքին Հանդ։ Ստացվում է, որ մեր երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկրի ներկայացուցիչ խոչընդոտում է մյուս երկրի ներկայացուցչին դիտորդական առաքելութուն իրականացնել։ Այսինքն ստացվում է, որ ՀՀ կառավարությունը քաշվել է մի կողմ ու ասել՝ իրար մեջ պայմանավորվեք»,- ասել է պատգամավորը։

Նրան ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  ռուս սահմանապահների մանդատ ու պայմանագիր գոյություն չունի։

«Հայ-ադրբեջանական սահմանը սպոնտան ձեւով են ձեւավորվել եւ տվյալ դեպքում ռուս սահմանապահների մանդատ ու պայմանագիր գոյություն չունի։ Եթե ռուս սահմանապահները որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել,ապա ենթադրվում է, որ դրանից պետք է արվեն համապատասխան հետեւություններ»,- ասել է վարչապետը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել