«Չեմ հասկանում՝ ինչու են ստիպում եղանակային տարբեր պայմաններում ֆիզիկական ծանր աշխատանքից ստացած եկամտով հարկ վճարել միանգամից երկու երկրի». արտագնա աշխատող

2022-2023 թվականներին Ռուսաստանի Դաշնություն կամ ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիները Պետական եկամուտների կոմիտեի կողմից նամակներ են ստանում, որ Հայաստանի նկատմամբ ունեն հարկային պարտավորություններ։

Լուսանկարում Սերգեյն է

Օրեր առաջ Iravaban.net-ը զրուցել է ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիներից մեկի հետ։ Սերգեյ Ա.-ի խոսքով՝ ինքը ՌԴ մեկնում է շուրջ տասը տարի՝ շինաշխատանքներ իրականացնելու և ստացած եկամուտը՝ Հայաստան՝ ընտանիքին ուղարկելու նպատակով։ Նա նշեց, որ ՊԵԿ-ից ծանուցում դեռևս չի ստացել, բայց համաձայն չէ հարկ վճարել երկու երկրի. «Չեմ հասկանում՝ ինչու են ստիպում եղանակային տարբեր պայմաններում ֆիզիկական ծանր աշխատանքից ստացած եկամտով հարկ վճարել միանգամից երկու երկրի»։

Ըստ նրա՝ իրենք՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի բնակիչ որևէ առավելություն չունեն, սակայն հարկերի դեպքում, արդեն, պիտի ստիպված լինեն վճարել ավելի շատ գումար. «Թող մեզ՝ որպես այստեղի ռեզիդենտ չհաշվարկեն, և թող գանձեն 30 տոկոս։ Գործատուն կվճարի 30 տոկոսը, որպեսզի խնդիրների առջև չկանգնենք ու տարբերություն չվճարենք։ Թող մեր փոխարեն գործատուն ավելի շատ վճարի, քանի որ մենք այլ երկրի քաղաքացի ենք։ Մեր աշխատավարձի համապատասխան մասը վճարվում է այս երկրին՝ Ռուսաստանին, բայց հավելյալ հարկը կծանրացնի մեր ֆինանսական դրությունը, ավելի լավ կլինի՝ Հայաստանում այնպիսի պայմաններ լինեն, որ բոլորս էլ չկտրվենք մեր ընտանիքներից՝ մինիմալ ծախսերը հոգալու համար, առանց այդ էլ՝ ռուբլին այնքան է իջել, որ մեր ուղարկած գումարը Հայաստանում կոպեկներ է»,- պատմեց Սերգեյը։

Ուշագրավ է, որ քաղաքացիները ժամանակին չեն իրազեկվել ընդունված արձանագրության մասին, որը ՊԵԿ-ը պետք է իրականացներ, սակայն այն քաղաքացիները, ովքեր ստացել են ծանուցում, նշեցին, որ այնտեղ հատուկ ընդգծում կա Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի մասին։ Այսինքն, ըստ ՊԵԿ-ի, այս գործընթացը կրկնակի հարկում չէ։

Խնդիրը, այնուամենայնիվ, արտագնա աշխատողների ու նրանց ընտանիքների շրջանում դժգոհություններ է առաջացրել։ Արտագնա աշխատող Սերգեյի կինը մեզ հետ զրույցում նշեց, որ ամուսինը երկար ժամանակ արտերկրում է՝ ընտանիքից հեռու, երեխաները կարոտում են հորը, բայց և հեռու լինելը ընտանիքի բարեկեցության համար է. «Գոնե գիտենք, որ ավելի լավ ապրելու համար է մեզանից այդքան ժամանակով հեռու մնում, մենք էլ չենք ուզում հրաժարվել մեր երկրի քաղաքացիությունից, թողնել-գնալ։ Թող չեղարկեն այդ որոշումը ու մարդկանց հոգսերը չշատացնեն»,- ավելացրեց զրուցակիցը։

Տաթևիկ Բեժանյան

Այս տարվա փետրվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ասաց, որ 2018 թվականին ԱՊՀ երկրներն Աստանայում համաձայնագիր են ստորագրել հարկային տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ։ 2020-ին ՀՀ-ն վավերացրել է համաձայնագիրը, 2021-ին սկսել է ԱՊՀ երկրներից տեղեկանալ այնտեղ աշխատող և հարկեր վճարող ՀՀ քաղաքացիների մասին։ Փորձագետի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը մեկնում է ՌԴ աշխատելու նպատակով, քանի որ ռուբլու անկումը ազդել է նրանց եկամուտների վրա, մարդիկ իրենց վաստակած գումարով հազիվ են հասցնում կենցաղային հարցեր լուծել, չեն կարողանում անգամ կրթական կամ առողջապահական հարցերը հոգալ. «Այս հարկային պարտավորությունը մեծ բեռ է նրանց համար։ 100 հազար ու ավելի գումարների մասին է խոսքը»

Վերջինս ՀՀ ՊԵԿ-ին առաջարկեց առայժմ իրազեկել մեր քաղաքացիներին, իսկ հաջորդ տարվանից սկսել կիրառել հարկման այս ձևը։ Փորձագետը հավելեց նաև, որ խնդիրը ԵԱՏՄ համաձայնագրի հետ է կապված։ Այս համաձայնագրով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար, եթե պայմանագիր են կնքում, միանգամից գանձվում է 13 տոկոս հարկ, իսկ եթե անձը հարկային տարվա ավարտից հետո դուրս է գալիս երկրից, հնարավոր է լինում վերահաշվարկ անել և տարբերությունը գանձել։

Հարկման մասին լուրերից հետո, քաղաքացիների շրջանում սկսվեցին նաև բողոքի ցույցեր։ Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ՊԵԿ որոշման դեմ։ Նրանք պահանջում էին Հայաստանից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիներից հարկեր գանձելու որոշումը չեղարկել։

Կարեն Սարգսյան

Մասնագետների գնահատմամբ՝ քաղաքացիների վրա հարկման նման ծանր բեռ դնելը հնարավոր է ազդի նաև չգրանցված աշխատողների աճի վրա։ Չգրանցված աշխատողների խնդրի մասին Iravaban.net-ը զրուցեց տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ։ Տնտեսագետի խոսքով՝ չգրանցված աշխատող լինելը հարկային վարչարարության խնդիր է, որը իրականացվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Նա նշեց, որ չգրանցված աշխատողների մասին թեև հստակ վիճակագրություն չկա, բայց նրանց թիվը գնալով պակասում է. «Գործատուն պատասխանատվության կենթարկվի, եթե չգրանցված աշխատող պահի, և սա իհարկե ձեռնտու չի լինի նրա համար։ Ռուսաստան մեկնելիս և սահմանը հատելիս՝ քաղաքացին արդեն իսկ համապատասխան մարմինների տեսադաշտում է, իսկ ՌԴ-ում իրականացվող խիստ հարկային վարչարարությունը նպաստում է նրան, որ չգրանցված աշխատողների թիվը բավականին քիչ է»։

Փետրվարի 23-ին՝ կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Փաշինյանի հարցին, թե ինչպես են ընթանում արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում եղած բողոքներից հետո օրենսդրական փոփոխությունների շուրջ աշխատանքները, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ եկամտային հարկի մասով կգնան փուլային տարբերակի ճանապարհով։

Փետրվարի 26-ին ՊԵԿ-ը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ներկայացրեց վերջնական նախագիծը։ Քաղաքացիները, որոնց արտերկրում վաստակած գումարը մեկ տարվա ընթացքում չի գերազանցում 12 միլիոն դրամը (շուրջ 2,7 միլիոն ռուբլին), կրկնակի հարկման չեն ենթարկվի։

Ընդ որում, նախագծով սահմանվում է, որ նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից:

Նշված նախագծի ընդունման դեպքում այն տարածվելու է 2020-2023 թվականների հաշվետու տարիների վրա։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել