Քաղաքաշինության բնագավառի մասնագետները մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն հավաստագրման համար։ Գործընթացի վերաբերյալ քաղաքացիների հարցերն ամբողջացնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առանձնացրել է հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։
- Ինչպե՞ս կարող է քաղաքաշինության բնագավառի մասնագետը դիմել հավաստագրման համար։
Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։
2․ Ինչպե՞ս մասնագետը հստակեցնի՝ հավաստագրման որ կարգի համար կարող է դիմել։
Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, ստանում են համապատասխան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր՝ կախված քաղաքաշինական օբյեկտների և աշխատանքների ռիսկայնության աստիճանից (մանրամասները՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 11.1-ում): Իսկ ռիսկայնության աստիճանները նկարագրված են ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման 4-րդ գլխում և N4 հավելվածում։
3․ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հավաստագրման համար:
Պետք է ներկայացնել՝
- տվյալ մասնագիտությամբ հայտատուի փորձը հավաստող փաստաթղթեր՝ համակարգ ներբեռնելով կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները:
Գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան մասնագիտությունները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի աղյուսակում:
- աղյուսակում նշված մասնագիտությամբ առնվազն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։
4․Փորձը հավաստող փաստաթղթերում տվյալ մասնագետի ներգրավվածության վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում հավելյալ ի՞նչ փաստաթուղթ է պահանջվում:
Հայտատուն կարող է կցել գործատուի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ մասնագետը ներգրավված է եղել ներկայացված շինաշխատանքներում և հանդիսացել պատասխանատու մասնագետ, ինչպես նաև՝ այլ փաստաթղթեր։
5․ Կարո՞ղ է արդյոք նույն մասնագետը դիմել և ստանալ հավաստագիր գործունեության մի քանի տեսակի համար։
Այո՛։ Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության 1-ից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։
6․Կազմակերպության լիցենզիայի ներդիրում ամրագրված մասնագետից բացի, պարտադի՞ր է արդյոք ընկերության մյուս մասնագետների հավաստագրումը:
Ոչ, պարտադիր չէ, մասնագետների ընտրությամբ է:
7․Լիցենզիայի ներդիրում չընդգրկված մասնագետը հավաստագրման համար դիմելիս ի՞նչ փաստաթղթեր պետք է կցի։
Այս դեպքում մասնագետը պետք է ներկայացնի 3-րդ պատասխանում նշված փաստաթղթերը՝ հետևյալ տարբերությամբ․
- բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ 5 տարվա ընթացքում կատարված բոլոր աշխատանքները,
- մագիստրոսի որակավորման աստիճան կամ ԽՍՀՄ տարիներին ստացած որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ առնվազն 3 տարվա ընթացքում կատարված բոլոր աշխատանքները։
8․ Հարցերի դեպքում ի՞նչ անել:
Տեխնիկական օժանդակության հարցերով կարող եք զանգահարել urban.e-gov.am հարթակում նշված 010-58-59-80, իսկ հայտերի լրացման, ուսումնասիրման ընթացքի հետ կապված հարցերով՝ 011-621-761 կամ 011-621-763 հեռախոսահամարներով: