Օհանավանում հայտնաբերված դամբարանը թողնում է 5-7-րդ դարերի կառույցի տպավորություն. Համլետ Պետրոսյան

Հիանալի գյուտ է, միանշանակ. Բացվել է պատահական, բայց ուզում եմ շնորհավորել բոլորիս նման գյուտի առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսր Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանին:

«Ես միայն ծանոթ եմ այս նկարներով և դիտողություններս էլ նախնական են:

Այն թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն՝ պատկից սյուների, քանդակների և խաչի տեսքը ոնց-որ ցուցում են 5-7-րդ դարերը:

Դժվար է ասել՝ այն դամբարան է՞, մասունքարա՞ն թե՞ մատուռ, կամ էլ դրանց համադրություն»,- գրել է նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿից հայտնում են, որ հաշվի առնելով Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում են, որ հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ:

Առաջիկայում հնավայրում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ. հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում:

Մինչ այդ տարածքն այցելությունների համար փակ կլինի:

Հիշեցնենք, որ Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել