«Նույնիսկ 18 տարեկանում ամուսնանալը ես համարում եմ սխալ, թեկուզ չափահասության տարիքն է»,-այս մասին ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ։
«Իսկ ո՞վ ասաց, որ բոլոր ավանդույթները լավն են և ճիշտ։ Ես կասկածի տակ եմ դնում այդ թեզը։ Մարդկության, գիտության զարգացմանը զուգահեռ բազմաթիվ ավանդույթներ, ապացուցվել է, որ սխալ են կամ առնվազն համահունչ չեն այսօրվա իրողություններին»։
Նա նշել է, թե ժամանակին նաև թագավոր էին դառնում 12 տարեկանում. «Իմ տղան 11 է շուտով, և ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ ինքը կարող է 12 տարեկանում էդ մասշտաբի հարցեր որոշել։ Ինքը նույնիսկ իր կյանքի վերաբերյալ չի կարող որոշումներ կայացնել, ուր մնաց՝ պետական հարցերի»։
Ըստ Թորոսյանի՝ մոտ հազար տարի առաջ, երբ այդ ամենը տեղի էր ունենում, մարդու կյանքի միջին տևողությունը 35 տարեկան էր. «Մարդիկ 35 տարեկանից ավել հիմնականում չէին ապրում… Բայց մենք հիմա խոսում ենք, որ 80 տարեկանն էլ է քիչ»։