Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը:
Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Նկատել եք իհարկե, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին:
Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է: Մենք ասում ենք, որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ: Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն: Այսինքն՝ եթե երկու կողմերից սահմանի գծից առաջ զորքեր կան, պիտի ետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ:
Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան: Սա կառուցողական դիրքորոշում չէ: Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են:
Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը՝ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված պայմանավորվածության, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը: Սա նշանակում է, որ մեզ մնացել է, ըստ էության, տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-երի միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով և լուծել հարցը: Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև, այսպես կոչված, էքսկլավ/անկլավների հարցը: Ասենք՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը:
Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով: Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին:
Այսինքն՝ կա երկու տարբերակ, որ նախ՝ ամբողջ սահմանագծով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով գնում ենք առաջ: Եվ, ըստ էության, երկու տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են՝ վերը նշված սկզբունքների շրջանակում: Բայց Ադրբեջանը կարծես թե խուսափում է նաև այս տարբերակից, և մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել, օրինակ՝ ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում