«Սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ»․ կասեցվել է «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝

  • սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
  • պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
  • առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,
  • սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
  • սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել