Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով oրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Ճանապարհային վճարի տեսակներն են`
- այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.
- այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
- մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
- ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը.
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար:
Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: