Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն (Amulsar Investor Ventures LLC, խմբ.) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։ Այս մասին գրել է «Հետքը»։
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի և 1976 թվականին ընդունված ՅՈւՆՍԻՏՐԱԼ-ի (ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողով, խմբ.) արբիտրաժային կանոնադրության հիման վրա։
Արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի նախագծին։
Դեռևս 2019 թվականին, որոշ իրավաբան-բնապահպաններ հայտարարում էին, թե իբր «Լիդիան Արմենիան» արբիտրաժ դիմելու իրավունք չունի։ Այդ տարվա օգոստոսի 15-ին՝ կառավարության շենքի դիմաց, ակտիվիստները բողոքի ձայն են բարձրացրել` նշելով, որ ժամանակին դադարեցնեն Ամուլսարի հետ կապված ծրագիրը, քանի որ համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չեն առել և սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում ևս չի արվել:
Իրավաբան, բնապահպան Նազելի Բաղդասարյանը՝ Iravaban.net-ի հետ զրույցում նշել էր․
«-Օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններն արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունեն։ Եթե իրենք այդ իրավունքն ունենային՝ վաղուց դիմել էին, դրա համար հիմա Անգլիայում և Ամերիկայում դուստր կազմակերպություններ են ստեղծում, որը չի փրկելու իրենց։
-«Լիդիան Արմենիայի» մասի՞ն է խոսքը։
-«Լիդիան Արմենիայի» մասին է խոսքը։ «Լիդիան Ինթերնեշնլը» ընդհանրապես չգիտեմ ինչ կապ ունի, որովհետև հիմնադիրը, այսօր 100 տոկոս բաժնետերը Lydian Resource-ն է, որը Վիրջինիա կղզում գրանցված, օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն է և էդ շանսն իրենք չունեն․․․»։
Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանն էլ հայտնել էր, թե «Լիդիան Արմենիա»-ն կարող է դիմել արբիտրաժային դատարան, բայց արդյունք չի ունենա և ինքը վստահ է, որ չի դիմի դատարան։
«Միջազգային արբիտրաժային դատարանները, որպես կանոն, որպես սկբունք, օֆշորային տարածքներում գրանցված կազմակերպությունների հայցերը չեն ընդունում։ Բայց, եթե ընդունում են, անպայման, նրա մեջ, այն կառավարությանը, որի հետ գործունեություն է իրականացրել, կառավարությունից պահանջում են ներկայացնել, թե արդյո՞ք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չեն եղել։ Եթե նույնիկս դիմեց, Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա ցույց տալ, որ իրականում «Լիդիանի» գործունեությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակել։
Սա դժվար չէ ապացուցել, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ «Լիդիան»-ը կդիմի որևէ արբիտրաժային դատարան, որովհետև «Լիդիանի» դիմելու դեպքում նույն այդ արբիտրաժը իրեն ընդամենը մեկ հարց է տալու, թե ինչու՞ որոշեցիք հենց Հայաստանի տարածքում այդ գործոնեությունը ծավալել և նախկինում ի՞նչ գործունեություն էիք իրականացրել, որը ձեզ իրավունք էր տալիս այդ գործունեությամբ զբաղվելու, որի պատասխանը չունի «Լիդիանը»»,- ասել էր փաստաբանը։
Ի հակադրություն այս ամենի, այդ ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել էր «Լիդիան» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ծանուցում է ստացել այդ մասին։
«Այդ իրավունքը կա: Իհարկե, այն փաստը, որ տարբեր հարթակներում, սոցիալական ցանցում մարդիկ նշում են, որ օֆշորային գոտում գրանցված ընկերություն է՝ այս դեպքում նկատի ունենք, եթե չեմ սխալվում, Ջերսի կղզում գրանցված ընկերությունը՝ «Լիդիանը», բայց իմ նշած երկու ծանուցումները վեճի մասին մենք ստացել ենք ոչ թե Ջերսի կղզում գրանցված «Լիդիան» ընկերությունից, այլ ստացել ենք հենց Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված «Լիդիան» ընկերությունից, որոնք հանդիսանում են այդ «Լիդիան» խմբի բաղկացուցիչ մաս իրավաբանական անձերը»,-նշել էր Կիրակոսյանը:
Ի պատասխան այն հարցին, թե օֆշորում գրանցված կազմակերպությունը պատկանում է Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված այդ կազմակերպությունների՞ն, մասնագետը նշել է, որ ի սկզբանե եղել են օֆշորում գրանցված կազմակերպությունները, այնուհետև 2018թ․ օգոստոսին հիմնադրվել են Մեծ Բրիտանիայում և Կանադայում արդեն նոր ընկերություններ, կրկին «Լիդիանի» կողմից, որոնք հանդիսանում են այդ խմբի մի մասը, որից հետո նոր՝ արդեն 2019թ․ մարտ ամսին, այդ երկու ընկերությունների կողմից կառավարությանը ներկայացվել է վեճի մասին ծանուցումը:
«Ամեն դեպքում այն ծանուցման մեջ, որը կառավարությունը ստացել է, հստակ հաշվարկներ հնարավոր հայցապահանջի չափի մասին, բնականաբար, ներկայացված չեն: Այնտեղ ներկայացված են այն գնահատականները, որը վերաբերում է արդեն կատարված ներդրումներին՝ մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ ընկերության կողմից: Բայց, բնականաբար, դրան ի հավելումն նաև այլ հավանական պահանջներ: Բնականաբար, երբ որ վաղը կունենանք նմանատիպ փաստաթուղթ ստացած ընկերությունից, կխոսենք կոնկրետ թվերի մասին»,-մանրամասնել էր Եղիշե Կիրակոսյանը։
Այսինքն կարելի էր ենթադրել 500 միլիոնը գերազանցող գումարի մասին։ Եվ ստացվում է, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պետական բյուջեի հաշվին խոշոր գումարներ վճարելու ենթադրյալ վտանգի առաջ։
2019 թվականի օգոստոսի 22-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը արբիտրաժ դիմելը հնարավոր էր համարել։ Նա մանրամասնել էր, որ այդ շրջանում ներդրումների մի քանի թիվ է նշվել՝ 500 միլիոն, 700 միլիոն և 2 միլիարդ դոլար։
Ստացվում է, որ իրավական հանրությունը ներկայացնող որոշ անձինք, այսպես ասած՝ «փափուկ բարձ էին դնում» հանրության գլխի տակ, պնդելով՝ ընկերության կողմից արբիտրաժային դատարան դիմելու անհնարինության կամ էլ դիմելու դեպքում անարդյունք լինելու մասին։ Սակայն, իրականությունn այլ է և փաստացի ստացվել է այն՝ ինչ առկա այս պահին։ Սա ևս մեկ ապացույց է, որ պետք չէ միանշանակ ընդունել տարբեր թեմաներով բարձրախոսներին մոտեցող անձանց ելույթները։ Հարկավոր է ականջալուր լինել մասնագետների գնահատականներին և հատկապես պետության համար նման լայնամասշտաբ ծրագրերի դեպքում չտրվել մանիպուլյատիվ հայտարարությունների։