«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 6-ին նոր առաջարկ է հնչեցրել։
««Նոր Սահմանադրության» դավադրությանը, որ անթաքույց թուրք-ադրբեջանական հերթական օպերացիան է Փաշինյանի կատարմամբ, պետք է հակադրել ոչ միայն քաղաքական գործիքակազմ, այլև ասիմետրիկ նախաձեռնություններ` արժեքների, սիմվոլների, խորհրդանիշների դաշտում:
Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ ցանկանում եմ հանդես գալ այս հոդվածում: Առաջարկս գուցե ուշացած է, բայց ստեղծված իրավիճակում՝ արժեհամակարգային պատերազմի այս թեժ փուլում, կարող է ոչ միայն արդար և հիմնավորված լինել, այլև խիստ էֆեկտիվ:
Առաջարկում եմ դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը: Խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի. 2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:
Առաջարկի հիմնավորումներն ակնհայտ են.
Հայրենիքի համար նահատակվելը
Նահատակների սխրանքները վերարժևորելը
Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը
«Հանուն ոչնչի զոհվեցին»փաշինյանական թեզի դեմն առնելը
Հայաստանի և Արցախի համար պայքարի կարևորությունը վերահաստատելը:
Այս շարքը կարելի է շարունակել` լիարժեք քննարկելով մտահղացումը հանրային, հասարակական, եկեղեցական, քաղաքական շրջանակներում: Լսել բոլոր փաստարկներն ու հակափաստարկները, և դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով քանիցս ապացուցել է, որ Հայոց Եկեղեցին աննկուն է Աստծո, Հայրենիքի և ժողովրդի համար մղվող իր առաքելության մեջ»։