Այսօր Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը ներկայացրեցին 2023 թվականի ամփոփումը և առաջիկա ծրագրերը:
Վարդան Մկրտչյանը ողջունեց լրագրողներին և ամփոփելով 2023 թվականը նշեց, որ պատմական երևույթներ են տեղի ունեցել Մայր թատրոնում. «Նախ ուզում եմ ասել, որ ներկայացումների առումով մենք բավական փայլուն ցուցանիշ ունենք, 2023 թվականին խաղացել ենք 137 ներկայացում, ունեցել ենք ավելի քան 70300 հանդիսատես, ձևավորել ենք առավել քան երկու հարյուր միլիոնից ավել արտաբյուջետային միջոցներ, գեներացրել ենք այդ միջոցները և արել ենք բազմաթիվ աշխատանքներ»:
2023 թվականը բեղուն տարի էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համար։ Իրականացվեցին մի շարք նախաձեռնություններ, միջազգային նախագծեր, համագործակցային ծրագրեր։
Այսպես, մարտ ամսին թատրոնում մեկնարկեց «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։ Հայաստանի մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ մասնակցեցին «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա կրթական ինտենսիվ ծրագրին, որը մշակել և ներկայացնում էին Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ինստիտուտը։
Մայիսին թատրոնը մասնակցեց Գյումրու միջազգային թատերական փառատոոնին՝ Դեկամերոն ներկայացմամբ։
Հունիսին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) միջև կնքվեց Համագործակցության հուշագիր, որը հիմք դարձավ համատեղ նոր ծրագրերի իրագործման համար։
Հուլիսին իրականացվեց «Դասարան+Դասական» կրթական ծրագիրը, որին մասնակցեցին 70 աշակերտներ Երևանից և ՀՀ մարզերից։
Սեպտեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում։ Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում ներկայացվեց «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը, իսկ Նոր բեմում՝ «Դեկամերոնը»։ Հյուրախաղերի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը վարպետության դաս ունեցավ ուսանողների և թատերասեր հանրության համար։
Հոկտեմբերին թատրոնը «Իշամեղու» ներկայացմամբ մասնակցեց Լեհաստանի Բելոստոկ քաղաքի միջազգային թատերական փառատոնին։
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվեց Երևանյան միջազգային թատերական փառատոնը։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը փաստում է․ «Թատրոնի գործունեությունը բազմաբևեռ է և ուղղված է ընդհանուր թատերական դաշտի ակտիվացմանը, ազգային և միջազգային երկխոսությանը, երիտասարդների մշակութային կրթությանը։ Ասվածին վկայություն կարող են լինել ինչպես «Ազգային դպրոց» միջազգային նախագիծը, «Դասարան+Դասական» կրթական նախագիծը», Երևանյան միջազգային թատերական փառատոնը, այնպես էլ մյուս նախաձեռնություններն ու համագործակցային ծրագրերը»։
2023 թվականին վերականգնվեցին «Մեծապատիվ մուրացկաններ» և «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումները: Թատրոնի խաղացանկը հարստացավ նոր ներկայացմամբ․ Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց» ստեղծագործության բեմադրությունը նվիրվեց հեղինակի 115-ամյակին։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքերով․ «Ստեղծագործական ընթացքն ակտիվ է, պատրաստվում ենք նոր ներկայացումներ։ Շուտով բեմ կբարձրանան Բեռնարդ Շոուի «Զենքը և մարդը» (Շոկոլադե զինվոր), Հովհաննես Թումանյանի «Անուշը» և ևս երկու ներկայացում: Ես ուզում եմ նաև փաստել, որ մեր բոլոր ծրագրերը հատկապես կրթական ծրագրերը միտված են ներդրում անել ապագայի մեջ, ինչը շատ ողջունելի է»:
Թատրոնի առաջիկա ծրագրերը ևս հարուստ են։
Մարտ ամսին տեղի կունենա «Դասարան+Դասական» կրթական ծրագիրը, որն, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս կունենա հետաքրքիր նորություն։
Իսկ ամռանը թատրոնը կունենա նոր հարթակ․ որպես ARTBOX HUB ծրագրի հաղթող թատրոնն էլ ավելի կընդլայնի իր ստեղծագործական գործունեությունը, կդառնա մշակութային հաբ, որով կնպաստի երիտասարդ, ազատ արվեստագետների և հանրության շփմանը։ Այս ծրագիրը կիրականացվի ՀԲԸՄ հիմնադրամ (Հայաստանի)-ի և «Քրիեյթիվ Հայաստան» հիմնադրամի շնորհիվ՝ Եվրոպական միության աջակցությամբ՝ «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակնում։ Աշնանը «ԱԿՏ» մշակութային հիմնադրամի հետ համատեղ կիրականցվի «Թատերական պաստառներ» բիենալեն։ Տարվա ընթացքում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սպասվում են մի շարք այլ ծրագրեր ևս։