Մի շարք օբյեկտիվ պատճառներով, մի շարք սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը մշտապես հետաձգվում են։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սակայն որքանո՞վ է սա իրավաչափ, կարծում եմ՝ խնդրահարույց հարց է։ Անկախ նրանից՝ պատճառները օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ, միևնույն է, մեղադրյալի տեսանկյունից՝ դա խնդրահարույց է։ Այս պարագայում էլ Մնացական Մարտիրոսյանը 2-3 ամիս նստեց իր դատավճռի վրա ու չտրամադրեց։ Հետևաբար 2-3 ամիս Վահագն Վերմիշյանն անիմաստ գտնվեց կալանավորման մեջ։ Հետագայում Վերաքննիչ ներկայացրինք բողոք, կազմի փոփոխություն եղավ, և այսպես, տարատեսակ պատճառաբանություններով նիստերը հետաձգվեցին»,- ասաց Կոչուբաևը։
Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում Վահագն Վերմիշյանը չի ստանում պատշաճ բուժօգնություն, ատամների հետ կապված ծայրահեղ լուրջ խնդիրներ են առաջացել։
«Դեռևս օգոստոս ամսից խոստանում են, որ կտանեն ատամնաբույժի մոտ, և, բնականաբար, չեն տանում։ Այս ամենը հանգեցրել է մի վիճակի, որ Վահագն Վերմիշյանին պարզապես պահում են անազատության մեջ, ինչն անթույլատրելի է»,- ասաց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ փետրվարի 28-ին նիստ է նշանակված, բայց դեռ փաստ չէ, որ այդ նիստը տեղի կունենա։
«Չմոռանանք, որ ներկայացված է խափանման միջոցի փոփոխության միջնորդություն, որն այսքան ժամանակ քննության առարկա չի դարձվում։ Վահագն Վերմիշյանը պատանդի կարգավիճակով գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,- հավելեց Կոչուբաևը։
Նա նաև նշեց, որ այս պահին կիրառված է խափան միջոց կալանավորում, քանի որ, իբրև թե, Վերմիշյանն ազատության մեջ կճնշեր վկաներին։
«Հիմա էլ վկաներ չկան, և անթույլատրելի է Վահագն Վերմիշյանին այս պայմաններում պահել անազտության մեջ»,- հստակեցրեց փաստաբանը։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։