Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, Դատավորը չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղվելը և մինչդատական վարույթն ավարտված լինելու և գործով վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից ստանձնած լինելու պայմաններում բեկանել է Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը՝ մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելով տնային կալանքով: Նշված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման:
Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: