Առողջապահության նախարարության այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանն իրազեկում է․
Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում։
Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։
Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։
Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։
Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում
Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։
Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:
Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։
Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
Մի փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։
Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:
Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:
Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահեն միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել: