Երևանի՝ կարգազանց վարքով բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոստիկանության ծառայողների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու, վերջիններիս կողմից շահագործվող գույքը վնասելու, խուլիգանություն կատարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. հունվարի 24-ին ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում հաղորդում են ստացել այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վերոնշյալ վարորդը ավտոմեքենան վարում է մեծ արագությամբ՝ չենթարկվելով լուսացույցների արգելող կարմիր ազդանշաններին:

Ժամը 02:00-ի սահմաններում պարեկային ծառայության աշխատակիցները, նշված ավտոմեքենան նկատելով Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման վայրում, բարձրախոսով հրահանգել են կանգնեցնել, սակայն «Մերսեդես»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին՝ շարունակելով օրինախախտ վարքագիծ դրսևորել:

Ավելին, հիշյալ վարորդը, տեսնելով, որ ոստիկաններն ավտոմեքենայով հետապնդում են իրեն, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային՝ այդ կերպ փորձելով խոչընդոտել իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը:

Այնուհետև, փորձելով խուսափել պարեկների հետապնդումից՝ իր կողմից վարվող հիշյալ ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և դուրս գալով ավտոմեքենայից` դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Այդ ընթացքում կրկին խոչընդոտել է ծառայողների օրինական գործունեությանը. ոտքով հարվածել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ձերբակալվելու ընթացքում, խախտելով մարդկանց անդորրը, հայհոյել է այդտեղ հավաքված մարդկանց ներկայությամբ:

Բացի այդ, Ս.Վ.-ն, վերոհիշյալ գործողությունների իրականացման ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքից մինչև Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածք վարելու ընթացքում չի ենթարկվել լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին և պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին։ Նա ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ այդ ամբողջ ընթացքում վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար, ինչի արդյունքում «Գագաթ» սննդի կետի մոտ հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն:

Բացի այդ, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ձերբակալվելուց հետո նշված վարորդը հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց:

Պարզվել է նաև, որ վերջինս, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ 0.0026 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել