«Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նման բարձրացումն անընդունելի է և անարդար»

Իմ ելույթը խորհրդարանում՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի» նախագծի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

Արդեն երկու օր մենք քննարկում ենք մի օրինագիծ, որի վերաբերյալ թվում է ամեն ինչ արդեն ասված է, հնարավոր բոլոր տեսանկյուններից վերլուծված է, բոլոր մտահոգությունները հնչեցված են, դրանց վերաբերյալ կառավարության մոտեցումները մոտավորապես պարզ են: Ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ, իմ կարծիքով ամենաէական, ելակետային հանգամանքի վրա:

Մինչ այդ հարկ եմ համարում ընդգծել, որ օրենքի նախագիծն, իսկապես ողջունելի է: Նախևառաջ այն առումով, որ թեև ուշացած, բայց նախատեսվում է հանրային-պետական ծառայողների վարձատրության կարգաբերում, օրենքի նախագծով ամրագրվում են վարձատրության հիմնական սկզբունքները և որ ամենակարևորն է, որպես շոշափելի արդյունք, այս նախագծով եկող տարվա ընթացքում ենթադրվում է մեծ թվով պետական-հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ինչը Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է և այն այսօր իրականություն է դառնում: Սոցիալ-տնտեսական ներկա իրողությունների պարագայում, երբ շատուշատ պետական պաշտոնյաներ, այո, մեր երկրում այդպիսիք ևս կան, իրենց աշխատավարձով չեն կարողանում ընտանիք պահել, սա, իսկապես ողջունելի է: Մի կողմ եմ թողնում հանգամանքը, որ օրինագիծը շատ հարցերում հակասում է պարզ տրամաբանությանը, մեր Սահմանադրությամբ պայմանավորված քաղաքական պատասխանատվության հիերարխիային, ինչի մասին այս երկու օրվա ընթացքում այստեղ շատ խոսվեց: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ, կայացվող որոշումների համար քաղաքական պատասխանատվություն կրող պետական պաշտոնյան պետք է վարձատրվի այնքան, որքան այդ որոշումների նախապատրաստման գործում մասնակցություն ունեցողը կամ այդ ինչ սկզբունքով է որոշվել, թե Ազգային ժողովի պատգամավորներից ով ինչ ծանրաբեռնվածություն ու պատասխանատվություն ունի: Բայց սա ինչպես ասում են, իսկապես երկրորդական է:

Իմ կարծիքով օրինագծի հետ կապված ամենաառանցքային հարցադրումը հետևյալն է: Քաղաքական ինչ տրամաբանություն է դրված այս օրինագծի հիմքում, մենք ի վերջո ինչ խնդիր ենք լուծում այս օրինագծով: Ցավոք, խնդրի վերաբերյալ իմ հարցադրմանը կոնկրետ որևէ պատասխան չհնչեց: Իմ պատկերացմամբ դրանք կարող են լինել ընդամենը երկուս-երեքը՝ կամ մենք ցանկանում ենք լուծել սոցիալական խնդիր, այսինքն պետական պաշտոնյաները այսօր համարժեք չեն վարձատրվում, նրանք աղքատ են, չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքի խնդիրները և պետք է նրանց աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի նրանք չլինեն սոցիալապես խոցելի, այսպես ասենք, պարտքով չապրեն, կամ երկրորդ՝ կա պետական կառավարման արդյունավետության խնդիր¸ անարդյունավետ պետական կառավարման պատճառը ցածր աշխատավարձերն են և պետական պաշտոնյային պետք է բարձր վճարել, որպեսզի նա որակյալ որոշումներ կայացնի, զերծ լինի կոռուպցիոն հակումներից և արդյունավետորեն կատարի իր պարտականությունները: Մի կողմ եմ թողնում հնարավոր երրորդ տրամաբանությունը, որ պետական-հանրային ծառայությունը բարձր աշխատավարձերի պարագայում մասնավոր հատվածի հետ համեմատության մեջ կդառնա առավել գրավիչ և այդպերպ, հնարավոր կլինի որակյալ կադրեր ներգրավել պետական կառավարման համակարգ: Իմ տպավորությամբ, օրինագծի հիմքում այս երեք տրամաբանություններն էլ կան: Բայց:

Իրականությունից վերջնականապես չկտրված ցանկացած ոք կվկայի, որ պետական կառավարման համակարգի անարդյունավետության միակ կամ առաջնային պատճառն այսօր բնավ էլ ցածր աշխատավարձերը չեն: Դրանք շատ ավելի խորն են, բազմաշերտ են, իմ պատկերացմամբ ածանցյալ են նաև մեր քաղաքական համակարգից, և դրանց լուծման ճանապարհին անհրաժեշտ են համալիր ու համաժամանակյա քայլեր, գործողությունների ճիշտ համադրում, մինչդեռ վարձատրության բարձրացումն այս պահին կլինի ընդամենը պետական միջոցների անարդյունավետ վատնում: Ոչինչ ավելին: Ճիշտ այնպես, ինչպես եղավ դատական իշխանության պարագայում: Բոլորս էլ հիշում ենք ժամանակին թևածող թվացյալ երկաթյա հիմնավորումը, թե որպեսզի մեր դատարանները լինեն անկախ և առաջ մղեն արդարադատությունը, զերծ մնան կաշառակերությունից, պետք է նախևառաջ աշխատավարձերը նրանց բարձրացնել: Աշխատավարձերը բարձրացրեցինք, բայց դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ հանրային զրո վստահություն դատական իշխանությունների նկատմամբ: Հետևաբար, միամտություն ու ինքնախաբեություն կլինի կարծել, թե կոռուպցիան, հովանավորչությունը, <ատկատը> անխախտ գործելաոճ դարձրած պետական բարձրաստիճան պաշտոնյային մեկ միլիոն դրամ կամ ավել աշխատավարձ վճարելով, նրանց դարձի կբերենք: Ու նաև, կտրականապես անընդունելի է պետական բաձրաստիճան պաշտոնյաների վարձատրության բարձրացման հարցում զարգացած ու հարուստ տնտեսություն ունեցող որևէ երկրի փորձի վկայակոչումը: Պարզապես անբարոյական է ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների և սոցիալապես խոցելի այլ խմբերին ուղղված պետական ծախսումների հիմքում դնել մեր բյուջետային հնարավորությունների հիմնավորումը՝ <տալիս ենք այնքան, որքան այսօր հնարավոր է>, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հիմքում դնել զարգացած երկրների փորձը:

Եկեք իջնենք երկիր, լինենք պարզ և շիտակ: Վարձատրության բարձրացումը պետական-հանրային սեկտորում այսօր կարող է և պետք է լուծի բացառապես սոցիալական խնդիրներ: Պետական-հանրային ծառայությունը, խոսքն այստեղ պետական բարձր պաշտոնների ու պաշտոնյաների մասին չէ, մի կողմից այսօր իսկապես էլ գրավիչ չեն որակյալ կադրերի ներգրավման համար, մյուս կողմից այդ ծառայողներից շատերը աշխատավարձերի չբարձրացման և շարունակական գնաճի պատճառով հայտնվել են սոցիալապես անապահով վիճակում: Ուստի, առողջ տրամաբանությունը ենթադրում է, որ պետությունը իր տնտեսած միջոցները պետք է նախևառաջ ուղղի այս խմբերի աշխատավարձերի բարձրացմանը, որպեսզի նրանք չհայտնվեն աղքատության եզրին:

Հետևաբար, անգամ եթե Կառավարության կարծիքով օրենսդրական տեխնոլոգիան անխուսափելիորեն ենթադրում է պետական-հանրային ծառայողների վարձատրության միասնական սանդղակի օրենսդրական ամրագրում, երկրում այսօր գոյություն ունեցող սոցիալական իրողությունների ֆոնին, պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նման բարձրացումն անընդունելի է և անարդար: Ուստի, ես առաջարկում եմ Կառավարությանը քննության առնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների, խոսքը բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, որոնց շրջանակը շատ արագ ու հեշտությամբ կարելի է որոշել՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, դատավորներ, դատախազներ և այլն, վարձատրության նոր կարգը օրեսնդրորեն առայժմ առկախել, գործողության մեջ չդնել, մինչև կգան ավելի լավ ժամանակներ: Կրկնում եմ, սոցիալական ներկա իրողությունների պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կարելի է բարձրացնել բացառապես այն դեպքում, երբ հիմնավորապես ակնհայտ լինի, որ պետական անարդյունավետ կառավարման մնացած ոլոր պատճառները վերացած են և մնում է միայն ցածր աշխատավարձերի խնդիրը: Վստահ եմ, մեր բոլոր գործըներներն էլ հոգու խորքում համաձայն են այս պարզ ճշմարտության հետ:

Այո, քաղաքական իշխանությունը, պետական կառավարումը մեծ պատասխանատվություն է: Բայց եկեք չմոռանանք, որ մեր երկրի պարագայում, այսօր, քանի դեռ ունենք աղքատության նման շեմ, հազար ու մի խնդիր, այն նախևառաջ պետք է լինի Հայրենիքին ծառայություն մատուցելու պատրաստակամություն:

 

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքի էջից

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել