Մեքսիկայում ուսանողը կարող է այրել դասախոսի հոնքերը, եթե նա հոնքերը կիտած անընդմեջ նայում է իրեն:
Իսկ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի՝
1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.
2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդբարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
4) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ.
5) անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին.
6) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
9) ծանոթանալու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բարձրագույն ուսումնական հաստատության հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
10) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.
12) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ.
13) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.
14) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ևբարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով: