Հանրային հաշվետվողականությունից ելնելով, ինչպես նաև ողջունելով առանձին անհատների հատուկ հետաքրքվածությունը դատական իշխանության ամեն մի գործողության նկատմամբ՝ Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատարանակազմության 25-ամյակի, ինչպես նաև Ամանորի ու 2023 թվականի աշխատանքների ամփոփման երեք կարևոր նպատակների համար կազմակերպվել է մեկ միասնական միջոցառում` 2024 թվականի հունվարի 12-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամնետից։
Միջոցառմանը մասնակցել է 350 դատավոր և դատական ծառայող: Միջոցառման առաջին մասում, որպես ներքին ու հանրային հաշվետվություն, ներկայացվել է 25 րոպե տևողությամբ ֆիլմ, որն արդեն իսկ առաջացրել է բավական մեծ հանրային հետաքրքրություն և հավանության է արժանացել հազարավոր քաղաքացիների կողմից:
Ֆիլմի արտադրության և ողջ միջոցառման համար (ներառյալ ֆուրշետային հյուրասիրությունը) ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն․ 956 հազար ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), որից 8 մլն ՀՀ դրամը հատկացվել է ֆիլմի պատրաստմանը, իսկ 3 մլն 956 հազար ՀՀ դրամը, ինչպես շրջանառվել էր մամուլում «ճոխ խնջույքի», կազմակերպման համար: Այդ համեստ ցերեկույթի ծախսը իր մեջ ներառել է սրահի, հեռուստաէկրանների վարձակալություն և շուրջ 350 անձի համար նախատեսված հոտնկայս հյուրասիրություն։
Հատկանշական է, որ 2023 թվականի տարեմուտին ո՛չ Բարձագույն դատական խորհուրդը, ո՛չ Դատական դեպարտամենտը Ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպել:
Տարվա ընթացքում տարբեր գործուղումներից, ներկայացուցչական և այլ ծախսերից խնայված միջոցներն ուղղվել են դատական իշխանության գործունեությունը լուսաբանող ֆիլմի նկարահանմանը, որը նպատակ է հետապնդել հանրության լայն շերտերին իրազեկել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումների և առկա խնդիրների մասին։
Ֆիլմի նկարահանումը նպատակ է հետապնդել նպաստել հանրության շրջանում դատական իշխանության հեղինակության վերականգնման բարդ գործին, որը խարխլվել է ոչ միայն օբյեկտիվ քննադատություններով, այլև երբեմն կեղծ, միակողմանի ու մանիպուլատիվ հրապարակումներով: