Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղության հաստատմանը․ Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կողմը շատ ակտիվ, հաստատակամորեն և հետևողականորեն աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները։ Ես նույնիսկ կարող եմ թվարկել այն աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացվել է Ռուսաստանի մասնակցությամբ և նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն տրամադրված է, որպեսզի հնարավորինս աջակցի այդ գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղության հաստատմանը»,- ասել է Կոպիրկինը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում կայունություն լինի։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ռուսաստանը միշտ ակտիվորեն շեշտադրել է այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը բոլոր ասպեկտներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքումը, լինի դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, լինի դա կողմերի միջև վստահության զարգացումը՝ ներառյալ քաղաքացիական հասարակության գծով շփումների միջոցով, լինի դա կոմունիկացիաների բացումը»,- ասել է Կոպիրկինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել