Ակնհայտ է, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար որևէ տեղաշարժ չիրականացնելու գրավոր հանձնարարականեր, սակայն պարտականությունների կատարման թերացումների պատճառով տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած Բենիամին Խաչատրյանի դեպքին։
Նախարարը շեշտեց՝ անուններ և պաշտոններ այս պահին չի հնչեցի, քանի որ կատարվածի ամբողջական պատկերը պարզ կդառնա ծառայողական ամբողջական քննությունից և քննչական գործողություններից հետո, սակայն սա չի կարող չունենալ պատասխանատուներ։
«Բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել էր, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով 5-ից 4-ը մնացել են իրենց դիրքերում, միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել և պատշաճ զորացրել։ Այս դեպքի առնչությամբ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, զինվորների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ ԶՈւ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից՝ ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպել կատարել պարտականություններ, որ իրավունք չունեն կատարելու»,- ասաց նախարարը։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին ունեն 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք եղանակի պատճառով մշտապես փակման ենթակա են և շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում մեքենայով հնարավոր չի հասնել։
«Ուզենք-չուզենք զինծառայողի տեղաշարժն այդ դիրք իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանզիմներով»,-ասաց նա։