Ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, կառուցում ենք մարդկանց համար. վարչապետ

Պետությունը Հայաստանում ճանապարհներ կառուցում է ոչ թե ընտրությունների, այլ մարդկանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հունվարի 1-ից դոտացիաներն ավելացել են: Մենք համայնքներ ունենք, որտեղ դոտացիաների ավելացումը 200, 300 կամ 400 տոկոս է: Դրանք բոլորն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են: Բացի սրանից՝ սուբվենցիաների ծրագրում մենք լրացուցիչ գործակիցներ ենք նախատեսել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված համայնքների համար: Կառավարությունն այդքան սուբվենցիոն ծրագիր է անում, դոտացիաներն է ավելացնում: Եվ արդար չեմ համարում, որ կառավարությանն ասում են, թե ինչու բակի շան հարցը չի լուծում: Համայնքին այդքան միլիոններ ենք տալիս, դա էլ անե՞նք, գանք աղբը հավաքենք, շան հարցը լուծենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ 2018 թվականից ի վեր համայնքների ֆինանսավորումն այնքան է աճել, որ նույնիսկ հնարավոր էլ չէր մտածել, որ դա երբևէ տեղի կունենա:

Ըստ նրա՝ երկու համայնքում է դոտացիաների թիվը նվազել, երկու դեպքում էլ համայնքի ղեկավարները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են:  Երևանն ու Ծաղկաձորը, ըստ նրա, շատ մեծ պոտենցիալ ունեն՝ սեփական եկամուտներն ավելացնելու, կառավարությունն էլ կօգնի:

«Երկու օր առաջ փոխվարչապետի հետ քննարկում ենք ունեցել: Եվ մտածում ենք նաև Երևան քաղաքին նույնպես սուբվենցիաների ծրագրեր իրականացնելու հնարավորություն տանք՝ որոշակի բանաձևով, որ այդ համահարթեցումը լիարժեք տեղի ունենա: Երևանում էլ, ճիշտ է, հնարավորությունները մեծ են եղել, բայց բազմաթիվ չլուծված հարցեր կան, պետք է առերեսվել և դրանք լուծել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ շատ աշխատանք են կատարում համայնքներում: «Ես ասում եմ, որ մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց համար»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում վերացել է հայտնի ձևակերպումը, երբ մարդիկ իշխանություններին ասում էին, թե ընտրությունից ընտրություն են իրենց համայնքներում երևում: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ հարցը Հայաստանում լուծված է՝ մատնանշելով համայնքներ իր շատ այցերի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել