Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակնկալիքների և հանրային միջոցների ծախսման մեջ առկա է շատ նուրբ հատման կետ․ դա մի համակարգ է, որտեղ առկա է 2 պարտադիր պայման՝ հանրային միջոցները պետք է ծախսվեն արդյունավետ, իսկ ոլորտը ստանա գործուն արտոնություններ և խթանման ծրագրեր, որոնք մրցակցային են․ այս մասին Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը նշել է Civilnet-ի հետ զրույցում՝ խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունների, մոտեցումների, իրավական մոտեցումների և նոր ծրագրերի մասին։
– Պարոն Մուրադյան, ի՞նչ ծրագրեր և արտոնություններ են ներկայումս գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողների համար։
– Դեռևս մեկ ամիս առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն-քննարկում տեղեկատվական ոլորտի, մասնաորապես՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, իսկ փոքր և միջին ձեռնարկատերերը ներկայացված էին միությունների կողմից։ Խորհրդակցության արդյունքում, իհարկե, տրվեցին հանձնարարույուններ, ժամկետներ, որոնք կյանքի կոչվեցին հետևյալ կերպ՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ-ի կողմից առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքի երկարաձգումը ևս մեկ տարով, առանց շահութահարկի հարկման օբյետի նվազեցման հնարավորության կամ առանց շահութահարկի արտոնության։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս օրենքը։ Օրենքը գործում է 2015 թվականից, ինչպես նաև վերաձևակերպվել է 2018 թվականին և ենթադրում է աջակցություն նոր պետական գրանցում ստացված երեք ամսյա պատմություն ունեցող տնտեսվարողների համար, որոնք ունեն մինչև 30 աշխատակցից բաղկացած թիմեր։ Հետագայում՝ 2023 թ․-ի կառավարության վերջին նիստի ժամանակ ընդունվեց 2328-Լ որոշումը, որը նույնաբովանդակ է 399-Լ կառավարության որոշմանը, նպատակ ունի խթանելու նոր ստեղծվող աշխատատեղեր ՏՏ ոլորտում, ինչպես նաև խթանելու ՀՀ տեղափոխվողներին (ռելոկանտներին), որպեսզի ՀՀ տեղափոխված (ռելոկացված) ընկերությունները և նրանց տաղանդավոր աշխատակիցները շարունակեն բնակվել ՀՀ-ում և գործունեություն ծավալել ՀՀ տարածքում։
– Ի դեպ, այս մասով աշխուժություն առկա՞ է։ Կարո՞ղ եք ընդհանրականացնել։
– Ընդհանուր առմամբ իրավիճակը վատ չենք գնահատում և հույս ունենք, որ այս կառավարության որոշումը կնպաստի ներհոսքին։
Հաջորդը Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունն է եղել՝ Կառավարության 2020 թվականին ընդունված 355-Լ որոշումը, որին 2022 թվականի օգոստոսին ավելացվեց Հավելված 2-ը, որի նպատակ էր տաղանդներին հրավիրել ՀՀ, այսինքն բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ովքեր որոշակի ցուցանիշներով ավարտել են աշխարհի 400 լավագույն բուհերից կամ 10 և ավելի տարվա փորձ ունեն բարձր վարկանիշային ընկերություններում, ինչպիսքն են՝ Ֆորբսը, «Էս Ընդ Փի» և այլ։ Կան նաև լրացուցիչ ուղղիչ գործակիցներ, ինչպիսիքն են՝ դոկտորի կոչում ունենալը կամ ՀՀ բուհում դասավանդելը, որոնց գործատուները ստանում են հետ վերադարձ աշխատակիցների աշխատավարձի 20-70% չափով, որը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։
Ինչպես նաև շատ են բարձրաձայնում հիփոթեքային վարկերի հարցը և հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածը վերաբերելի է նաև օտարերկրացիներին, ինչպես նաև նրանք նույնպես կարող են ՀՀ-ում անշարժ գույք գնել վարկով և տեղի կունենա եկամտային հարկի և տոկոսների հաշվանցում։ Չնայած այն հանգամանքին, որ ծրագիրը փուլային համակարգով վերանում է, միևնույն է իրավական նորմերի առանձնահատկություններից ելնելով՝ ներկայումս հնարավոր է Երևանում և հարակից տարածքներում այդպիսի գույք ձեռք բերել։
-Ի՞նչով են հիմնավորվում ընդունված իրավական ակտերը․ գործող ընկերությունները նշում են, որ եթե դրսից եկողներին նման արտոնություններ են տրամադրում, ապա դա կարող է բերել դիսբալանսի, քանի որ ներքին շուկայի մասնակիցները հավասար պայմաններում չեն։
– Հիմնավորումները բավականին լայն են և ընդգրկուն, մասնավորապես՝ ուսումնասիրվել է միջազգային հարկման փորձը։ Ես՝ ինքս, եղել եմ մի շարք մրցակից երկրներում, ինչպիսիքն են՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան և այլ։ Այս համատեքստում ուսումնասիրվել են ոչ միայն հարկային դրույքաչափերը, խթանման ծրագրերը, այլև վարչարարությունը և պետական մարմինների այլ մոտեցումներ։ Կատարվել է նաև այլ ուսումնասիրություն, մասնավորապես՝ սպառողական գները, թե ի՞նչից են հիմնականում օգտվում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և ուսումնասիրություն է կատարվել ընհուպ սկսած կոշիկից, հագուստից, մարզասրահներից, կոմունալ գներից, ինչպես նաև ուսումնասիրության առարկա են դարձել բնակարանների վարձակալության գները։ Ուսումնասիրվել են վերոնշյալ երկրների միջին աշխատավարձերը և եկել են այն եզրահանգման, որ աշխարհում մրցունակ լինելու համար և այդ տաղանդներին չկորցնելու նպատակով նվազագույնը այդ հարկային արտոնությունները տրամադրելն է։
Անդրադառնամ հարցի մյուս հատվածին, արդյո՞ք, դա դիսբալանս չի առաջացնում։ Այո, միգուցե, առաջացնում է, և եթե ուշադրություն եք դարձրել՝ այս ծրագրերը ընդամենը 1 տարի ժամկետով են։ Վարչապետի հետ հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ արդեն 1-ին կիսամյակում կունենանք մշակված նոր նախագիծ, որը քննարկման արդյունքում, հուսով ենք, կընդունվի, որի հիմքում պետք է դրվի պարզությունը, հավասարությունը, արդյունավետությունը։
– Կարո՞ղ ենք եզրահանգել, որ վերջինիս արդյունքը զգալի կլինի առաջիկա մեկ տարվա ընթացքում։
– Ոչ ավելին։
– Ասացիք, որ շահութահարկը դուրս է եկել արտոնություններից մինչև դեկտեմբերը։ Ո՞րն է պատճառը։
– Առկա է երկու պատճառ։ Առաջինը՝ ՀՀ ստանձնած պարտավորություններն են OECD-ի BEPS (ՏՀԶԿ հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխում)։ Երկրորդ և տրամաբանական պատճառը, երբ կազմակերպությունը ունի շահույթ, պետք է վճարի շահութահարկ։ Այս երկու պատճառներին նորից հակադրվում է մրցակցային միջավայրը։ Հասկանալի է, որ այս մասով պետք է մրցակցային միջավայր ապահովենք և կառավարության մեր գործընկերների հետ այս պահին աշխատանք ենք տանում, որպեսզի հնարավորություններ ստեղծենք մեր երկրի ստանձնած հանձնառությունները կատարելու և միևնույն ժամանակ մրցակցային միջավայր ստեղծելու շահութահարկի գծով։
-2022 թվականի դեկտեմբերի 1-ին կառավարությունը որոշեց 10 մլրդ ՀՀ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Նախորդ տարի մեր գործընկերներից Հետքը ստացել էր այն ընկերությունների ցանկը, որոնց տրամադրվել է պետական աջակցություն։ Եվ պնդումը այն էր, որ աջակցություն տրամադրվել է այն ընկերություններին, որոնք աշխարհում համարվում են առաջատար ՏՏ ոլորտի հսկաներ, այսինքն ենթադրվում է, որ տվյալ ընկերությունները աջակցության կարիք չունեին։
-Ինչպես նշել էի՝ կարևոր է պահպանել հավասարության սկզբունքը։ Դրվել են համապարտադիր չափանիշներ։ Գոյություն ունի փոխհատուցման վերևի սահման՝ 400 մլն դրամ։ Համաշխարհային մեծ ՏՏ ընկերություները, որոնք ՀՀ-ում ներկայացված են մեծ թիմերով, ի տարբերություն այլ կազմակերպությունների՝ ամբոջական փոխհատուցում չեն ստացել։ Հետքի լուսաբանումը տեսել եմ, էմոցիոնալ կետեր եմ նկատում այնտեղ։
-Պարոն Մուրադյան, այս բոլոր գործընթացներում ի՞նչ դեր է ունեցել Ազգային ժողովը։
-Ազգային ժողովն իրականացնում է սահմանադրությամբ սահմանված իր գործառույթները, այսինքն իրականացնում է նախաօրենսդրական և հետօրենսդրական վերահսկողություն, իրավական ակտերի շուրջ կատարում է դիտարկումներ, ուսումնասիրություններ, միջազգային փորձի ուսումնասիրություն, առաջարկություններ, ինչպես նաև պետք է կարևոր արձանագրում կատարել այն մասին, որ այս բյուջետային առաջարկությնների շրջանակներում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գրասենյակը կատարել է ՏՏ ոլորտին վերաբերող մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ արհեստական բանականության լաբորատորիայի ստեղծումը, մասայական կրթության ծրագրերը, վերապատրաստման ծրարգրերի ՏՏ ոլորտում և «Վիրթուալ Բրիդջ» ծրագիրը, որի շրջանակում հայաստանյան ստարտափի ներկայացուցիչները հնարավորություն կունենան փորձի փոխանակում իրականացնել օտարերկրյա լավագույն համալսարանների աքսելերատորների հետ։
– Ի՞նչ ակնկալի ՏՏ ոլորտը 2024 թվականին մշակվող օրենքներից։
– Առկա է շատ նուրբ հատման կետ՝ ոլորտի ակնկալիքների և հանրային միջոցների ծախսման մեջ։ Դա մի համակարգ է, որտեղ առկա է 2 պարտադիր պայման։ Առաջին՝ հանրային միջոցները պետք է ծախսվեն արդյունավետ, իսկ ոլորտը ստանա գործուն արտոնություններ և խթանման ծրագրեր, որոնք մրցակցային են։