ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ:

Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:

Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով:

Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել