Ադրբեջանի արտաքսված քաղաքացիական կոալիցիան Իլհամ Ալիևին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր իր քննադատներին

Ադրբեջանի արտաքսված քաղաքացիական կոալիցիան՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի  և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի, դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին լրագրողների, ընդդիմության ակտիվիստների, իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք սանձազերծելու համար՝  Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նախօրեին, և երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր իր քննադատներին, ինչպես նաև ապահովել երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր հիմնարար ազատությունները։

Նշվում է, որ ինստիտուտները հատկապես մտահոգված են խոսքի ազատության դեմ Ադրբեջանի իշխանությունների նախընտրական բռնաճնշումներով, որոնց արդյունքում միայն վերջին երկու ամիսների ընթացքում շուրջ 15 լրագրողներ բանտարվել են։

«Չնայած այն հանգամանքին, որ վերջերս կալանավորված գրեթե բոլոր լրագրողները մեղադրվում են դրսից ապօրինի ֆինանսավորում ստանալու անհեթեթ մեղադրանքներով, նրանց հետապնդման իրական պատճառը լրագրողական հակակոռուպցիոն աղմկահարույց հետաքննությունների իրականացումն է և օրական հրապարակումները, որոնք բացահայտում են  Ադրբեջանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքների համակարգված և զանգվածային խախտումները։»,- ասել է կոալիցիայի համանախագահ Էմին Հուսեյնովը:

Կոալիցիան նաև հիասթափված է ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի կողմից Ադրբեջանում լրագրողների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ հասարակական արձագանքի  տարօրինակ բացակայությունից, որը վերջին ամիսների ընթացքում կարծես միտումնավոր հրաժարվեց արձագանքել Ադրբեջանի իշխանությունների ռեպրեսիվ գործողություններին՝ անկախ լրատվամիջոցների նկատմամբ։

Ադրբեջանի արտաքսված քաղաքացիական կոալիցիան  կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, որոնք գործընկերային քաղաքական և տնտեսական կապեր ունեն Ադրբեջանի հետ, պահանջել, որ երկրի ղեկավարությունը հետևել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում միջազգային պարտավորություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել