Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասար չափով:
Իրավաբանական անձանց համար սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն):
Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է՝
1) տասնութ տարեկան դառնալու պահից.
2) էմանսիպացիայի պահից.
3) մինչև տասնութ տարին լրանալը` օրենքով սահմանված կարգով ամուսնանալու պահից:
Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար՝ ստեղծման պահից:
Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները, ազատությունները վարչական դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները: Վարչական դատարանը պարտավոր է նրանց ծանուցել գործի քննության տեղի և ժամանակի մասին: Նրանց չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Օրենքով նախատեսված դեպքերում իրավահարաբերություններից ծագող գործերով տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։
Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված քաղաքացու իրավունքները և ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները՝ ծնողը, խնամակալը, հոգաբարձուն և օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք։
Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները լսվելու իրավունք ունեն: Վարչական դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք: