Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
– հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
– տեխնիկական մշակաբույսերը.
– պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
– դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
– կերարտադրության այլ արտադրանքը.
– պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
– ծառերի և թփերի սերմերի, պտուղներում եղած սերմերը.
– ծառերի և թփերի սածիլները.
– ծառերի և թփերի տնկիները.
– անասնաբուծության արտադրանքը.
– խոզաբուծության արտադրանքը.
– ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
– թռչնաբուծության արտադրանքը.
– ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
– եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
– ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
– ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա: