Կստեղծվի դատական իշխանության նոր մարմին. Հրայր Թովմասյանը` դատական նոր օրենսգրքի մասին

ՀՀ դատական օրենսգրքում և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի ընդունմամբ լուծում կտրվի Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում ներառված 4 անկյունաքարային հարցերին: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Առաջին հարցը վերաբերում է դատական իշխանության ինքնակառավարման մարմիններին, երկրորդը վերաբերում է դատական իշխանության կողմից վարվող վիճակագրությանը, երրորդ հարցը վերաբերում է գործերի բաշխմանը և չորրորդ հարցը դատարանների նախագահների որոշակի ժամկետով պաշտոնավարելուն»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով` առաջարկվող լուծումներով նախատեսվում է վերանայել դատական իշխանության ինքնակառավարման մարմինների համակարգը: Այսօր գործող ինքնակառավարման երկու մարմիններ գոյություն ունեն` դատարավորների ընդհանուր ժողովն ու դատարանների նախագահների ժողովը:

«Որպես կանոն` դատավորների ընդհանուր ժողով հաճախակի չի կազմակերպվում և որոշումներ կայացվում: Մշտական գործող մարմինն ու հիմնական որոշումներ ընդունողները դատարանների նախագահների ժողովն է: Դատարանների նախագահները նշանակվում են վարչական կարգով և չեն ներկայացնում այդ դատարանները և, ըստ էության, ինքնակառավարումը որոշակի շեղվում է բուն նպատակներից:

Առաջարկվում է դատավորների ընդհանուր ժողովում յուրաքանչյուր դատարանից անդամ ընտրել և պարտադիր չէ, որ դատարանի նախագահը լինի: Այս փոփոխություններով մենք հետապնդում ենք դատավորին ներքին և արտաքին անկախությունն ապահովել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Հաջորդ հարցը օրինագծով վերաբերում է գործերի բաշխմանը: Այսօր որոշ դատարաններում գործում է գործերի բաշխման ավտոմատացված համակարգը, բայց այն վերաբերում է բացառապես առաջին ատյանի դատարաններին և ընդամենը մի քանի դատարաններում է իրականացվում: Գործերի բաշխումը պետք է լինի ավտոմատ, հստակ սահմանված սկզբունքներով և դատարանների նախագահների դերն այս գործում պետք է զրոյական դառնա: Այս համակարգը պետք է ներդրվի և՛ առաջին ատյանի դատարաններում, և՛ Վերաքննիչ քաղաքացիական ու քրեական դատարաններում:

Նախագծի ընդունմամբ կներդրվի դատարանների և դատավորների կողմից հաշվետվության պարտադիր ներկայացման սկզբունք, կստեղծվի հնարավորինս անկախ և ինքնակառավարվող դատական իշխանության նոր մարմին` դատավորների խորհուրդ և դատարանի նախագահներ կնշանակեն սահմանափակ ժամկետով: Միջազգային փորձը հաշվի առնելով` դատարանների նախագահներն այլևս չեն պաշտոնավարի մինչև 65 տարեկանը լրանալը, այլ կընտրվեն 5 տարի ժամկետով և նույն անձը չի կարող 2 անգամ անընդմեջ նույն դատարանի նախագահ աշխատել: Դա խթան կլինի այլ դատավորների համար ավելի լավ աշխատել դատարանի նախագահի պաշտոնին հավակնելու համար:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել