Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցությունը պատվիրակ չի ունենա: Ազգային ժողովի կայքում հոկտեմբերի 23-ին հրապարակվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակը, որտեղ բացակայում է «Ժառանգություն» խմբակցության անունը:
ԱԺ կայքում հրապարակվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության կարգը: Համաձայն որի` այսուհետ պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական և փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանելու է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը: Ազգային ժողովի նախագահը կարող է նաև սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում:
Ազգային ժողովի նախագահը պատվիրակությունների կազմերում իր հայեցողությամբ կարող է ընդգրկել նաև Ազգային ժողովի խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր որ Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցից հետո մտադիր է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, ինչը բացասական էր ընդունվել «Ժառանգություն» խմբակցության կողմից:
Իրավաբան.net