Զրպարտած և վիրավորանք հասցրած անձը հրապարակայնորեն չպետք է ներողություն խնդրի: «Քաղաքացիական օրենսգրքում» այսպիսի փոփոխություն և լրացում են առաջարկում անել Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը և Գագիկ Ջհանգիրյանը:
«Նման փոփոխություն կատարելու հիմնավորումը, ըստ նախագծի հեղինակների, կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն է: Մենք ունենք երկու նորմեր` արժանապատվության իրավունք, որի գլխավոր բաղադրիչներն են վիրավորանքից և զրպարտությունից զերծ մնալը և խոսքի ազատության իրավունք: Խոսքի ազատության իրավունքը, ըստ էության, վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է դիմացինի արժանապատվության իրավունքը և այս պարագայում այս դրույթն անընդունելի է»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախագծով առաջարկվում է նաև տասնապատիկով նվազեցնել վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի չափերը: Ներկայցումս տուգանքի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկ`1.000.000-2.000.000 դրամ:
«Այս դրույթները դարձել են Սահմանադրական դատարանի քննարկման առարկա, որից հետո դատական պրակտիկան փոխվել է: Եթե 2-3 տարի առաջ այս գործերի քննության ժամանակ դատարանները նշանակում էին ամենաբարձր տուգանքները, ապա այս պահին` նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկ կամ երկուհարյուրապատիկ տուգանքներ»,-նշեց Արդարադատության նախարարը:
Օրինագծով սահմանվում է նաև, որ այն լրատվամիջոցները, որոնք դատարանում կհայտնեն վիրավորանք և զրպարտություն հասցրած սուբյեկտի ինքնությունը, նրանք կազատվեն պատասխանատվությունից: Հրայր Թովմասյանի կարծիքով` դա ոչ մի պարագայում չի կարող ընդունելի լինել, քանի որ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում դրանք չհրապարակելու համար և դրա բացահայտումը չպետք է լրատվամիջոցին ազատի պատասխանատվությունից:
«Մենք միշտ կարող ենք գտնել մեկին և նրան վերագրել վիրավորանքի և զրպարտության սուբյեկտ լինելը, և լրատվամիջոցները, որոնք կարող են տարածել այդ լուրը, ազատվեն պատասխանատվությունից»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Իրավաբան.net