Հայաստանում արդարադատության ու դատաիրավական ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից: Այդուհանդերձ, տարիներ շարունակ բարեփոխումները չեն հասել իրենց առջև դրված նպատակներին ու թիրախներին՝ որոշ դեպքերում չունենալով իրականացման համապատասխան գործուն մեխանիզմներ ու գործիքակազմ:
2022 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը։ Գործողությունների ծրագրով նախատեսված է ներդնել էլեկտրոնային արդարադատության (eJustice) համակարգը և գործիքները, որոնց արդյունքում՝
1) կստեղծվի դատական, իրավապահ (հետաքննության և նախաքննության մարմիններ, դատախազություն) և իրավակիրառ մարմինների (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն) և այլ մարմինների, կազմակերպությունների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ.
2) կարդիականացվեն դատարանների և արդարադատության ոլորտի այլ մարմինների գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը.
3) կստեղծվի և կներդրվի դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով.
4) կապահովվի պաշտոնական առցանց նամակագրությունը, էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջև, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հնարավորություն ստեղծելով առցանց կապ հաստատել, դիմում, բողոք և այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, բացի այդ ընձեռել գործի ընթացքին առցանց հետևելու հնարավորություն.
5) կապահովվի համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում.
6) կմիավորվեն արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, կապահովվի թվային արխիվների ստեղծումը: Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրմամբ կապահովվեն արդարադատության համակարգի հետ քաղաքացիների շփումները էլեկտրոնային եղանակով:
Նմանօրինակ հարթակի մշակումը կարևոր նշանակություն ունի իրավապահ գործընթացների առավել պարզ ու թափանցիկ կազմակերպման տեսակետից, միաժամանակ այն թույլ կտա խուսափել պրոցեսների անհարկի երկարաձգումից և հնարավորություն կընձեռի ռիսկերի վերհանման, քաղաքականության ճիշտ մշակման նպատակով վարել համապատասխան վիճակագրություն։
ԲԿԳ-Հայաստան ազգային գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը ստանձնում է Էլեկտրոնային արդարադատության համակարգի բաղադրիչ համարվող «eCourt-statistics» վիճակագրական գործիքի ներդրումը, որը թույլ կտա վերլուծել մինչդատական և դատական գործերի քննության հետ կապված գործընթացները (բովանդակային և ձևական)՝ ըստ նախապես որոշված վիճակագրական ցուցանիշների (statistic data) և «բաց տվյալների» ձևաչափի կիրառմամբ։ Դատական գործերի քննության հետ կապված գործընթացների վերլուծությունը հնարավորություն է ընձեռելու քաղաքացիական հասարակության անդամների հանրային վերահսկողություն իրականացնել արդարադատության իրականացման նկատմամբ։ Վիճակագրությունն անվճար կլինի հասանելի շահագրգիռ կողմերի համար (իրավաբանական համայնք, քաղաքացի, հետազոտողներ, միջազգային կառույցներ և ոլորտային պետական մարմիններ):
Նշված վիճակագրական ցուցանիշների համատեքստում հասանելի կլինեն կոնկրետ դատավարություններով դատական գործերի քանակ, կայացված դատական ակտերի ընդհանուր քանակ, որոշակի տեսակի գործերով տոկոսային հարաբերակցություն և այլն:
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: