Որո՞նք են կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման օբյեկտները

Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է:

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության օբյեկտներ են բնական միջավայրում, անազատ և կիսաազատ պայմաններում ապրող կենդանիների վայրի տեսակները (անողնաշարավոր և ողնաշարավոր), դրանց համակեցությունները, բնակության միջավայրերը, միգրացիայի ուղիներն ու բնադրավայրերը:

Կենդանական աշխարհի օգտագործման օբյեկտներ են կենդանիների այն տեսակները և դրանց արգասիքները (միսը, մորթին, ոսկորը, կենսագործունեության արտադրանքը և այլն), որոնք ունեն սննդային, գիտական, դեղագործական, կերային, արդյունաբերական և այլ նշանակություն:

Կենդանական աշխարհի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակն է`
գենոֆոնդի և տեսակային բազմազանության պահպանության, պաշտպանության, բնականոն վերարտադրության ապահովումը.
կենդանիների բնակության միջավայրի ամբողջականության խախտման կանխումը.
կենդանական տեսակների և դրանց պոպուլյացիաների ու համակեցությունների ամբողջականության պահպանությունը.
կենդանիների միգրացիայի ուղիների պահպանությունը.
կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հարաբերությունների կարգավորումը.
կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառներում օգտագործողների իրավունքների պաշտպանությունն ու պարտականությունների կատարումը:

Կենդանական աշխարհի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2000թ.-ի ապրիլի 3-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել