Գոյություն չունեցող բնակարան է վարձով տվել․ խարդախությամբ հափշտակել է 420 000 դրամից ավել գումար

Ալբերտ Շ․-ն, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, List.am կայքէջում տեղադրել է իրականում գոյություն չունեցող բնակարանի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև հայտարարություն այն մասին, որ նշված բնակարանը տրամադրվում է վարձակալությամբ և նշել է իր կոնտակտային տվյալները:

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի սեպտեմբերի 8-ին։ Այն մակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին։

Iravaban.net-ը  փոխանցում է, որ վարձակալությամբ բնակարան ձեռք բերելու նպատակով վերջինիս հետ կապ է հաստատել Ս․ Ք․-ն  և հայտնել, որ ցանկանում է վարձակալել նշված բնակարանը։

Կողմերը պայմանավորվել են հանդիպել միմյանց հետ, որից հետո 2022 թվականի օգոստոսի 25-ին վերջիներս հանդիպել են Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում և պայմանագիր կնքել՝ գույքի վարձակալության վերաբերյալ, որը հաստատվել է կողմերի ստորագրությամբ: Նշված պայմանագրի հիման վրա խաբեության եղանակով՝ խեղաթյուրելով իրականությունը և ներկայացնելով գոյություն չունեցող բնակարանի վերաբերյալ տվյալներ, Ալբերտ Շ․-ն տուժողից առձեռն ստացել է 100.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն, հայտնելով, որ բնակարանը վերջինիս օգտագործմանը կհանձնվի 2022 թվականի սեպտեբերի 2-ից, պատճառաբանելով, որ բնակարանը վարձակալված է այլ անձանց կողմից:

Ա. Շ․-ի կողմից նշված ժամանակահատվածից հետո վերջինս չի պատասխանել Ս. Ք․-ի հեռախոսազանգերին, այդ կերպ՝ փորձելով խուսափել վերջինից:

Բացի այդ՝  նա 2022 թվականի հոկտեմբերի 4-ին «Յանդեքս» հավելվածի միջով պատվիրել է ավտոմեքենա նշել է վարորդին երթևեկել Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով Մուսալեռ բնակավայրի հատված Ա․Շ․-ն, որ ներկայացել է որպես Արման,  տաքսու վարորդի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ վերջինս պետք է գնա Հրազդան քաղաք 600 եվրո փոխանցելու նպատակով և հարցրել է, թե իր մոտ առկա է գումար՝ իրեն տրամադրի, իսկ Հրազդան քաղաքում այն անձը, ում պետք է փոխանցի եվրոները, կվերադարձնի գումարը, ինչպես նաև կվճարեն կատարված ծառայության վճարը։ Այդ կերպ վստահություն ձեռք բերելով՝ տաքսու վարորդը վերջինիս է փոխանցել 13.000 ՀՀ դրամ գումար և երթևեկել է Հրազդան քաղաքի ուղղությամբ, որի ընթացքում Ա․ Շ․-ն  հեռախոսազանգով տեղեկացրել է, որ Առինջ գյուղի մոտակայքում սպասի, իրեն կմոտենան գումարը վերցնելու նպատակով, սակայն ոչ ոք չի մոտեցել, իսկ 3 հատ 200 անվանական արժեքով թղթադրամները հուշանվեր են եղել։

Բացի այդ, Ա. Շ․-ն  խաբեության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շահադիտական դրդումներով՝ Facebook սոցիալական ցանցում տեղադրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասում ամսեկան 220,000 ՀՀ դրամ գումարով վարձակալության է տրվում բնակարան և նշել է իր կոնտակտային տվյալները: Նշված բնակարանը վարձակալելու նպատակով 2022 թվականի հուլիսի 11-ին Ա. Դ․-ն  Viber հավելվածի միջոցով կապ է հաստատել Ա․ Շ․-ի հետ և պայմանավորվել վարձակալել նշված բնակարանը։ Հեռախոսազրույցի ընթացքում Ա. Շ․-ն  ներկայացել է որպես Արման և առաջարկել վերջինիս իրեն փոխանցել բնակարանի առաջին ամսվա վարձավճարը՝ 220,000 ՀՀ դրամ գումարի չափով և երկրորդ ամսվա համար կանխավճար՝ 100.000 ՀՀ դրամ գումարի չափով: Ա․Դ․-ն, համաձայնելով առաջարկին տերմինալի միջոցով Ա. Շ․-ի կողմից տրամադրված հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 320.000 ՀՀ դրամ գումար։

Այսպիսով, Ա․ Շ․-ին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2023թ․-ի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել