Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը:
«Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,- ասել է վարչապետը:
Ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված վարչապետը շեշտել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»: