Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:
Նշված կանոնը չի տարածվում բանկի հաճախորդի վրա` միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով, ինչպես նաև բանկերի վրա` բանկերի վերահսկողության ընթացքում Կենտրոնական բանկին, ինչպես նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին տրամադրվող տեղեկությունների մասով:
Որոշակի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները: