Կոլումբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին դեկտեմբերի 5-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը զարգացնելու Կոլումբիայի հետ հարաբերությունները: Կարևորվել է հավատարմագրվող դեսպանների ակտիվ գործունեությունը։

«Կոլումբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում այդ թվում բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև միջազգային մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել