Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն օրինական չէ․ փաստաբան

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի հայտարարությունը․

«Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին իր կայքում անդրադարձել է Ցոլակ Արամի Ակոպյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդմանը, որի պաշտպանությունը ստանձնել են «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանը և նույն գրասենյակի փաստաբան Ռուդիկ Դոլունցը։

Հիմք ընդունելով, որ Գլխավոր դատախազությունը վերոնշյալ քրեական վարույթի և մեր վստահորդի վերաբերյալ հրապարակել է ոչ հավաստի, ինչպես նաև մեղսագրված արարքի փաստական տվյալները խեղաթյուրված տեղեկություններ, ինչպես նաև նկատի ունենալով, որ դատախազության կողմից վարույթի որոշ տվյալներ արդեն հանրայնացվել (գաղտնազերծվել) են և առանց դուրս գալու դրանց շրջանակներից՝ հանդես ենք գալիս հետևյալ պատասխան–հայտարարությամբ։

Այսպես, Գլխավոր դատախազությունը նշել է, թե՝

1) «Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (․․․)»։

– Հատկանշական է, որ Գլխավոր դատախազությունը հենց առաջին նախադասությամբ բացահայտել է, որ առնվազն չի տիրապետում հանրամատչելի հավաստի տվյալների։ Մասնավորապես, դեռևս 2017 թվականից «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ գոյություն չունի։ 2017 թվականի օգոստոսի 22-ին ԲՈՒՀ–ը փոխել է անվանումը, ինչպես նաև, որն ամենաէականն է, կազմակերպա–իրավական ձևը։ Այդ օրվանից սկսված ԲՈՒՀ–ը կոչվում է՝ «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ։ Այսինքն՝ իրավաբանական անձ հանդիսացող «Պետական ոչ առևտրային կազմակերպություն» կազմակերպա–իրավական ձևը փոխվել է միանգամայն այլ՝ «Հիմնադրամ» կազմակերպա–իրավական ձևի իրավաբանական անձի։ Այս հանգամանքն էական է այն իմաստով, որ այդ պահից սկսած Ցոլակ Ակոպյանին վերագրվող արարքը, անգամ այն դեպքում, եթե դա իսկապես կատարված լիներ, չի կարող համարվել հանցագործություն, քանի որ պարոն Ակոպյանը քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել պաշտոնատար անձ։ Բացի այդ, եթե անգամ ընդունենք, թե Հիմնադրամում որևէ պաշտոն զբաղեցնող անձը կարող է հավասարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի հետ, ապա կրկին քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ հոդվածի իմաստով նա չի կարող համարվել պաշտոնատար անձ, քանի որ նշված հոդվածը սահմանել է պայման, որ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պետք է լիազորված լինի հանդես գալու իր ներկայացրած պետական կազմակերպության անունից կամ լիազորված լինի այդ կազմակերպության անունից առաջացնել իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն։ Մինչդեռ պարոն Ակոպյանը օրենսդրությամբ և ԲՈՒՀ–ի կանոնադրությամբ այդպիսի լիազորությամբ օժտված չի եղել։

Գլխավոր դատախազության հայտարարության հաջորդ պնդման համաձայն՝

2) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

– Կալանքի միջնորդության վերաբերյալ դատական քննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը և հսկող դատախազը որևէ փաստական տվյալ չեն ներկայացրել այն մասին, որ պարոն Ակոպյանը որևէ ուսանողից անձամբ ընդունել է որևէ օտար լեզվի քննություն։ Ավելին, անգամ ներկայացված տեղեկագրերում առկա ստորագրությունները որևէ օբյեկտիվ փաստական տվյալով չի հաստատվել, որ անձամբ կատարել է Ցոլակ Ակոպյանը։ Նշված տեղեկագրերի պատճենները հանցագործության մասին հաղորդման հետ միասին Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել ԲՈՒՀ–ի ներկայիս ռեկտորը։ Մինչդեռ հանրահայտ փաստ է, որ ռեկտորի և Ցոլակ Ակոպյանի միջև առկա է վեճ, որի շրջանակներում վիճարկվում է ռեկտորի կողմից պարոն Ակոպյանին աշխատանքից ազատելու օրինականությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո շուրջ հինգ ամսվա ընթացքում չի ձեռնարկել որևէ քննչական գործողություն, որի միջոցով հնարավոր կլիներ հավաքագրել օբյեկտիվ փաստական տվյալներ։ Ավելին, այդ հինգ ամիսների ընթացքում քննիչը որևէ անգամ պարոն Ակոպյանին չի հրավիրել հարցաքննության, նրա վերաբերյալ չի ստացել որևէ տվյալ, որը կարող էր վկայել, թե պարոն Ակոպյանը հնարավոր է խուսափի քննությունից, փորձի միջամտել նախաքննությանը կամ կկատարի հանցագործություն, և այդ պայմաններում հանգել է անհիմն հետևության, որ նրան պետք է կալանավորել և այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել է արդեն մեղադրյալ Ցոլակ Ակոպյանին։

«Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ապօրինի հեռացված պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը։ Պաշտպանական թիմի գնահատմամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառված խափանման միջոցն օրինական չէ։ Մեր կողմից այդ որոշումը հատուկ վերանայման կարգով կվիճարկվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել